Ուկրաինայի հարցով ԱՄՆ գլխավոր բանակցողը Թրամփի և Պուտինի միջև հաջող զրույց է կանխատեսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հարցով զբաղվող գլխավոր բանակցող Սթիվ Ուիթքոֆը ABC News-ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ Թրամփը երկուշաբթի օրը հաջող հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտարարելով, որ իր կարծիքով, այդ խոսակցությունը «մեծապես կօգնի որոշելու, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչպես ենք ավարտելու այս բանակցությունները»։
«Ես հավատում եմ, որ նախագահը հաջող հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ, – հայտարարել է Ուիթքոֆը։ – Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը լի է վճռականությամբ այս հարցում ինչ-որ բանի հասնելու… եթե նա չկարողանա դա անել, ապա ոչ ոք չի կարողանա»։
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հինգշաբթի օրը Թուրքիայում հանդիպել են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված առաջին ուղիղ բանակցություններն անցկացնելու համար։ Ուկրաինական աղբյուրն այս բանակցություններից հետո ABC News-ին հայտնել է, որ ռուսաստանյան կողմն անիրատեսական պահանջներ է ներկայացրել։ Մեկ շաբաթ առաջ փոխնախագահ   Ջեյ Դի Վենսը Մոսկվայի մասին ասել էր. «Մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են պահանջում»։
Հարցին, թե արդյոք նա համաձայն է Վենսի գնահատականին, Ուիթքոֆն ասել է, որ իր կարծիքով, «սա շատ բարդ հակամարտություն է, որը չպետք է տեղի ունենար»։
«Կարծում եմ, որ նման բանակցություններում մարդիկ որոշակի դիրքորոշում են որդեգրում, – ասել է Ուիթքոֆը։ – Այստեղ խնդիրը սահմանները նեղացնելն է… սա, գիտեք, մեծ հեռավորություն է կողմերի միջև։ Եվ կարծում եմ՝ ինչ-որ չափով մեզ դա հաջողվել է։ Ինչ-որ չափով յուրաքանչյուր կողմ… գիտեք, պնդում է իր դիրքորոշումները։ Եվ կարծում եմ, որ երկուշաբթին մեծապես կօգնի որոշելու, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչպես կավարտենք այս բանակցությունները»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ, որից հետո կզրուցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և «ՆԱՏՕ-ի դաշնակիցների» հետ։

Leave a Comment