Հայաստանի ազգային պատկերասրահի Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանում բացվել է գծանկարիչ, գրաֆիկայի վարպետ Վանո Խոջաբեկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ազգային պատկերասրահի տարածած հաղորդագրությունից, Վանո Խոջաբեկյանը մասնագիտական կրթություն չի ստացել, սակայն կոչումով արվեստագետ էր:
Թիֆլիսում ծնված նկարչի համար ներշնչանքի աղբյուր էր հարազատ քաղաքն ու այդ քաղաքի բնակիչ-հերոսները: Խոջաբեկյանին հաջողվել է սահմանափակ ստեղծագործական միջոցներով՝ թուղթ ու մատիտով, խորությամբ ու համոզիչ կերպով փոխանցել խայտաբղետ քաղաքի նիստ ու կացը, լակոնիկ գծերով և շտրիխերով ամրագրել թիֆլիսյան ոգին ու կոլորիտը, ստեղծել հայերի և այլ ազգերի կենցաղը, բարքերը, տոները և ծեսերը նկարագրող ժանրային պատկերներ:

Վանո Խոջաբեկյանը յուրօրինակ ձեռագրի շնորհիվ տարբերվել է իր ժամանկի գրաֆիկ նկարիչներից,- նշել է ցուցահանդեսի համադրող, Հայաստանի ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի գիտաշխատող Սեդա Խանջյանը: Նրա խոսքով` Վանոն ընտանիքի 5-րդ զավակն էր և ծնողները չեն կարողացել կրթության տալ որդուն ու Վանոն աշխատանքի է անցնել մեծ եղբոր խանութում, որտեղ էլ կայացրել ճակատագրական որոշումը: Հետագայում ինքնուրույն է սովորում հայերերն, ռուսերեն, վրացերեն գրել և կարդալ:
«Ընդհանրապես Վանոյի մասին տեղեկությունները ժամանակակիցներն են պատմել, միակ պատմությունը, որ ինքն իր մասին պատմել է, վերաբերում է եղբոր խանութում աշխատելու ընթացքին: Երբ տարբեր ամսագրերից, թղթերից տոպրակներ է պատրաստել, ձեռքի տակ են հայտնվել Գոգլի «Մեռած հոգիներ» ստեղծագործության նկարազարդումները, նա այնպես է տպավորվել, որ սկսել է նկարել: Նկարչական դասեր բավականին ուշ է ստացել, թեև դա տեխնիկական իմացություններից բացի այլ բան չի տվել նրան: Ստեղծագործել է ընդամենը 7 տարի` վավերագրելով այն, ինչ տեսել է: Սակայն նրա գործերն այնքան ազդեցիկ են, որովհետև իր ապրումները, զգացողություններն է փոխանցել թղթին, և դա արդեն բավարար էր, որ նրան անվանեին նկարիչ-հոգեբան: Այնպես էր ստեղծում իր կերպարներին, կարծես բոլորին անձամբ ճանաչում էր»,- նշել է Սեդա Խանջյանը:

Խոսելով Խոջաբեկյանի մասին, Սեդա Խանջյանն ընդգծել է նրա ազգագրագետ նկարիչ լինելու հանգամանքը: Այն, ինչ նա մինչև 1920-ականների սկիզբը վավերագրել է հին Թիֆլիսում` պատկերելով տարբեր ազգերի ծեսերն ու սովորությունները, մեր մշակութաբանների և ազգագրագետների համար հետագայում կարևոր փաստագրական նյութեր են դարձել:
Արվեստին անմնացորդ սիրահարված արվեստագետի համար ստեղծագործելը միակ երջանկությունն էր: Նրա թերթերում կողք կողքի են թախիծը և ուրախությունը, հումորը և ծաղրը, իսկ վարպետորեն ուրվագծված գործող անձիք խոսուն են ու տպավորիչ:

«Երբ Ջոտտոն գրում է Վանոյի մասին մահախոսականը, ափսոսանք է հայտնում, որ կյանքի օրոք նա չգնահատվեց, նա իսկապես վախենում էր, որ այդ արվեստագետին կմոռանան, այդ հարցում մեղադրում էր նաև իր ժամանակակից մտավորականներին: Այս ցուցահանդեսը հենց Ջոտտոյի հարկի տակ հյուրընկալելը խորհրդանշական է, 100 տարի անց, սա, ինչ որ իմաստով, գուցե մեղմի մեղքի այն զգացումը, ոը մեծ արվեստագետը ուներ մյուս մեծ արվեստագետի նկատմամբ: Շնորհակալ ենք, որ հենց այստեղ է բացվում Վանո Խոջաբեկյանի 150 ամյակին նվիրված ցուցահանդեսը, սրանվ մեր արվեստանոց-թանգարանը ևս մեկ անգամ հաստատում է իր առաքելությունը` հանրահռչակելու վրացահայ նկարիչներին»,- իր խոսքում ընդգծել է Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի ղեկավար Արփինե Սարիբեկյանը:

Վրաստանում ծնված, իրենց ստեղծագործական ուղիով շատ տարբեր արվեստագետների` Վանո Խոջաբեկյանի և Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) առաջին հանդիպումը կայացել է 1916 թվականին` Թիֆլիսի «Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության» նկարչության դպրոցում։ Այդ հանդիպումը և հետագայում Վանոյի ճակատագիրը խորը տպավորություն են թողել Ջոտտոյի վրա։
Վրաց հայտնի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի խոսքերը հրաշալի բնորոշում են Խոջաբեկյանի արվեստը ՝ «Վանոյի նկարների գիծը ճկուն է ու արտահայտիչ, իսկ բովանդակությանը հատուկ են հարուստ զգացմունքներն ու կատարման վիրտուոզությունը»:
Վանո Խոջաբեկյանի նկարները տեսել է նաև Արշիլ Գորկին և հիացել, Թիֆլիսում տեսել են Մայակովսկին և Եսենինը, գովել նրա գործերը:

Խոջաբեկյանը առաջին անգամ գալիս է Երևան 1919-ին: Նկարչի մատիտը վավերագրում է նաև Երևանյան քաղաքային պատկերներ։ Այդ օրերին Խոջաբեկյանը առերեսվում է ցավոտ իրականության հետ․ դա քաղաքի տարբեր վայրերում սփռված մեծաքանակ գաղթականների խմբերն էին։ Այս թեմատիկ շարքը տարբերվող է․ այստեղ Վանոյի գիծը ոչ թե անհատականացրել, այլ միավորել է մարդկանց իրենց ընդհանուր ցավի մեջ։
Վանո Խոջաբեկյանի գծանկարները ցուցադրվել են Թբիլիսիում, Երևանում, Կ․Պոլսում, Նյու-Յորքում, Լվովում։
Հատուկ ցուցահանդեսի համար Հայաստանի Կինոյի հիմնադրամը թվայնացրել է Ջ. Ժամհարյանի 1971-ին նկարահանած «Վանո Խոջաբեկյան» վավերագրական ֆիլմը: Արվեստագետի մահից մոտ կես դար անց նկարահանված ֆիլում հանդես է գալիս նրա կինը: