ՔՊ խմբակցության անդամները առիթը բաց չեն թողնում Լևոն Քաչրայանի անունն անհարկի նշելու, մեղադրելու: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում են խմբակցության նիստ գումարել և քննարկել ԱԺ դահլիճում Լևոն Քոչարյանի հայհոյելու դեպքը՝ ընդհուպ մանդատից զրկելու հարցը դիտարկել:
Ըստ Օհանյանի՝ Լևոն Քոչարյանը շատ հանգիստ, սառնասրտորեն ելույթ է ունեցել, արտահայտել իր տեսակետը և պատասխանել այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։
«Նա ասում էր, թե դուք կգնաք ԱԱԾ-ի պադվալներ, ԱԺ պատգամավորներին «համբալ» անվանեց, ԱԺ ղեկավարն էր մեր կին պատգամավորին ասում, թե քեզ դուրս կշպրտեմ։ Դա խոսույթ է, որն անթույլատրելի է զուտ մարդկային հարաբերություններում, անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին։ Իրենք անձնական օրինակով դա հրահրել են։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքն իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Մենք այդ խնդրի շուրջ կարծում եմ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ-ում, այն սադրանքները, որոնք իրենք իրականացնում են քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի են»,- ասաց նա։
Օհանյանը նաև նշեց, թե մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել, քանի որ Քոչարյանի գործողությունները համարժեք են եղել նրան, ինչը հրահրել են ՔՊ-ական մի քանի պատգամավոր։
Մանրամասն՝ տեսանյութում։