ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։ Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ոստիկանության Ապարանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, տղամարդուն գետում հայտնաբերել է հովիվը, ով գառներ արածեցնելիս նկատել է գետում քաղաքացուն և ահազանգել 911։
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդր Հ.-ն է։
–00—ՅՄ