Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին լուսանկարը այն բանից հետո, երբ նա ավելի քան մեկ ամիս առաջ ընդունվել է Հռոմի հիվանդանոց։
Լուսանկարում պոնտիֆիկոսը շարժական աթոռին նստած է Հռոմի «Գեմելի» հիվանդանոցի մատուռի զոհասեղանի դիմաց. հիվանդանոցում նա բուժվում է թոքաբորբից։
Ավելի վաղ Հռոմի պապը նաև գրավոր անգելուս էր հրապարակել, որտեղ խոստովանել էր, որ անցնում է «փորձության ժամանակ», երախտագիտություն հայտնելց բարի ցանկությունների համար և աղոթել խաղաղության համար «պատերազմից տուժած երկրներում՝ Ուկրաինա, Պաղեստին, Իսրայել, Լիբանան, Մյանմար, Սուդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն»:
Հինգերորդ կիրակին անընդմեջ Հռոմի պապը չի կարողացել անձամբ ներկա գտնվել կիրակնօրյա օրհնությանը: Վատիկանը այս շաբաթ հայտնել է, որ ռենտգենյան ճառագայթները ցույց են տվել նրա վիճակի «հետագա, աստիճանական բարելավումներ», սակայն նա դեռևս հիվանդանոցային խնամքի կարիք ունի:
«Սուրբ Հոր օրգանիզմը դեռ պահանջում է հիվանդանոցային բժշկական թերապիա, շարժիչային և շնչառական ֆիզիոթերապիա», – ասվում է շաբաթ օրը Հռոմի պապի վիճակի մասին տեղեկագրում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 88 տարեկան է: Փետրվարի 14-ից նա չի երևացել հանրությանը. Այս ընթացքում մինչև այսօր նրա լուսանկարն անգամ չէրեղել։
Հաղորդվել է, որ նա ունի կրկնակի թոքաբորբ և այլ վարակներ: Նա մի քանի շնչառական ճգնաժամ է ունեցել՝ մտահոգություն առաջացնելով, թե արդյոք կկարողանա՞ հաղթահարել հիվանդությունը:
Ավանդաբար, պապերը ցմահ են զբաղեցնում գահը և շարունակում են կատարել իրենց պարտականությունները՝ անկախ տարիքից և առողջությունից: Սակայն Ֆրանցիսկոսի նախորդը՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ը, նախընտրեց հրաժարվել գահից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
80 դիտում