Փաշինյանին սպասարկող մեքենաների քանակը, ինչպես նաև՝ այդ մեքենաների ձեռքբերման ու սպասարկման համար հատկացված միջոցները պետական գաղտնիք են։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման։
«Մենք դեկտեմբերի 6-ին Արայիկ Հարությունյանին ուղղված հարցմամբ աշխատակազմի ղեկավարին խնդրել էինք հայտնել, թե քանի ծառայողական մեքենա է սպասարկում ՀՀ վարչապետին, թե վերջին 3 տարիների ընթացքում քանի մեքենա է ձեռք բերվել վարչապետին սպասարկելու համար, որքան գումար է հատկացվել այդ մեքենաների ձեռքբերման համար, որքան է կազմում այդ մեքենաների տարեկան սպասարկման գումարը։ Այս հարցերից որևէ մեկին պատասխան այդպես էլ չենք ստացել։
Այսօր ստացված գրության մեջ, հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին, ասել են, թե այդ տեղեկատվությունը դասվում է պետական գաղտնիքի շարքին։ Ասել է թե՝ հարկատուները չեն կարող իմանալ, թե իրենց հարկերից որքան գումար է ծախսվում Փաշինյանի մեքենաների համար։
Փոխարենը մասամբ պատասխանել էին մեր մյուս հարցերի, թե ընդհանուր առմամբ քանի ծառայողական մեքենա է սպասարկում կառավարությանը, կառավարության որ պաշտոնյաներին են դրանք սպասարկում, որ պաշտոնյաների սպասարկման համար են վերջին 3 տարվա ընթացքում նոր մեքենաներ ձեռք բերվել ու որքան գումար է հատկացվել այդ նպատակով։ Նոր գնված գնված մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն, իհարկե, չկար, սակայն մեզ հայտնել էին, որ վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 տրանսպորտային միջոց։
Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ մինչ նոյեմբերի 22-ը, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից առաջ հրապարակած տեսանյութում կրճատում էր ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ վարչապետի աշխատակազմին սպասարկում էր 40 ավտոմեքենա, նոյեմբերի 22-ից հետո՝ նրանց թիվը կրճատվել էր 13-ով և դարձել 27։ Կառավարությունից մեզ պարզաբանեցին, որ նախորդ 3 օրերի ընթացքում մեքենաներից ևս մեկը դուրս էր գրվել աշխատակազմի ավտոպարկից։
Ստացվում է, որ ըստ հարցման՝ այսօր վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 ավտոմեքենա՝ այն դեպքում, երբ մինչև նոյեմբերի 22-ը նրանց թիվը 40-ն էր։ Այս կրճատումը կարող էին տպավորիչ լինել, եթե չլիներ մի մեծ բայց….
Բանն այն է, որ «Փաստինֆոն» համանման հարցում էր կատարել նաև 5 տարի առաջ՝ 2019 թվականին, երբ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար էր Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ այդմ՝ մայիսին կառավարությունից ստացած հարցման պատասխանում այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկել է 43 ծառայողական ավտոմեքենա, իսկ ապրիլի 1-ի դրությամբ 10 մեքենա, ևս 7 մեքենա գործում է որպես հերթապահ։ Հերթապահ 7 մեքենաների շահագործումը սկսվել է 2019 թվականի մարտի 30-ին։ Ըստ այդմ՝ «Հերթապահ ավտոմեքենաները տրամադրվում են համաձայն ներկայացված զեկուցագրի՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, գործերի կառավարչի թույլտվությամբ գրավոր հայտի հիման վրա»,- նշված էր պատասխանում։
Ստացվում է, անցած 2019 թ-ի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել, եթե 2019-ին վարչապետի աշխատակազմին սպասարկում էր 17 տրանսպորտային միջոց, ապա 2024թ. նոյեմբերի 22-ին հանրայինի եթերում կացնային կրճատումների մասին հայտարարությունից հետո, դրանց թիվը դարձել է 26։
Ի դեպ, նշենք, որ 2019 թվականին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տրամադրվել էին նաեւ ծառայողական մեքենաների մակնիշները ու թե որքան վառելիք է հատկացվում յուրաքանչյուրի համար, իսկ հիմա այդ տվյալները չեն հրապարակվում Փաշինյանի պոպուլիստական հայտարարությունների դաշտը չնեղացնելու համար»։