Եթե անհրաժեշտ լինի, փողոցային պայքար էլ կսկսենք․ Լևոն Քոչարյան

Եկեղեցու հարցով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը «Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական է համարում և այն դիտարկում է որպես իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող գործընթացի մաս։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Կապված հանձնաժողովի հետ, որը եկեղեցու մասով ստեղծվել է, մենք դա համարում ենք հակասահմանադրական, ու ընդհանուր այս գործընթացը՝ եկեղեցու դեմ իշխանությունների կողմից սանձազերծված։ Սա հակասահմանադրական է։

Ինչպես գիտեք, մենք նաև վիճարկել ենք Սահմանադրական դատարանում կառավարության ծրագիրը այն մասով, որ այնտեղ ուղղակի չէր կարող տեղ գտնել եկեղեցու հետ կապված որևէ հարց, որովհետև կառավարությունը չի կարող Սահմանադրությամբ միջամտել որևէ կերպ եկեղեցու ներքին գործերին։ Սա հստակ է, և այս մասով մենք հենց առաջին օրից մեր դիրքորոշումը հայտնել ենք և շարունակելու ենք։

Եթե կարիք լինի փողոցային պայքարի, փողոցային պայքար էլ կսկսենք, եթե այլ ձևով պաշտպանության կարիք լինի, բոլոր ոչ արգելված ձևերը օգտագործելու ենք, դա դա միանշանակ»։

Leave a Comment