Գրադարանների զարգացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է

Գրադարանների զարգացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ։


 


Ուղերձում ասվում է․


 


«Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ: Այս տոնի նպատակն է ևս մեկ անգամ արժևորել գրադարանավարի մասնագիտությունը և դերը կրթամշակութային միջավայրի ձևավորման և ընթերցանության խթանման գործում:


 


Գրադարանը մարդկության պատմության ողջ ընթացքում հասարակության հոգևոր, կրթական և մշակութային կյանքի հիմնասյուներից մեկն է։ Գրադարանների միջոցով սերունդները հաղորդակցվում են հազարամյակների ընթացքում ստեղծված մտավոր և մշակութային ժառանգությանը:


 


Գրադարանն առանձնահատուկ կարևորություն ունի գրավոր մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, թվայնացման և հասանելիության ապահովման գործում, իսկ գրադարանավարի առաքելությունն այդ արժեքները սերունդներին փոխանցելն է։


 


Այսօր գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում է: Ժամանակակից գրադարանը դառնում է կրթության, հետազոտության, տեղեկատվության, մշակութային երկխոսության, համայնքային կյանքի և հանրային հաղորդակցության բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ միաժամանակ պահպանելով իր հիմնարար առաքելությունը՝ ապահովել գիտելիքի հասանելիությունը և նպաստել ընթերցանության մշակույթի ձևավորմանը, տարածմանը և զարգացմանը։


 


Գրադարանը ոչ միայն ապահովում է գրքերի և տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը, այլև ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ ընթերցանությունը կարող է դառնալ մարդու առօրյայի անբաժանելի մասը։


 


Գրադարանների զարգացման և արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում կարևորելով գրադարանավարների դերն ու նշանակությունը՝ նախարարությունը առաջնահերթ է համարում նրանց շարունակական վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։


 


Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր գաղափարներ, մասնագիտական ձեռքբերումներ, հաջողություններ, ուժ և եռանդ մեր երկրի գրադարանային համակարգի զարգացմանը նպաստելու գործում»։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment