Մի ծառայությունից՝ տաքսիից, մինչև 13 տարբեր ծառայություն՝ տրանսպորտ, առաքում, սնունդ, քարտեզներ, մեդիա և գովազդ։ «Yandex Armenia»-ն ներկայացրել է ոչ միայն ծառայությունների ընդլայնումը, այլև Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն ու առաջիկա տեխնոլոգիական նորությունները։ Լրագրողները նաև հնարավորություն են ունեցել շրջելու ընկերության գրասենյակում և ծանոթանալու այնտեղ ստեղծված աշխատանքային միջավայրին։
Հայաստանում գործունեության 10 տարին է ամփոփում «Yandex Armenia»-ն։ 10-ամյակի առիթով ընկերությունը լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել՝ ներկայացնելով անցած տասնամյակի հիմնական արդյունքներն ու նոր ծրագրերը։
Լրագրողնրի հետ զրույցում Yandex Armenia-ի ղեկավար՝ Արամ Մխիթարյանը ներկայացնում է ՝ Հայաստանում «Yandex»-ը այսօր ծառայությունների թիվը մեծ աճ ունի ՝ տրանսպորտից ու առաքումից մինչև մեդիա և գովազդ։
«10 տարվա ընթացքում մենք ունենք արդեն իսկ թողարկված 13 ծառայություն։ Ամեն տարի մեկ-երկու ծառայություն ավելանում է։ Հայաստանի շուկայում ի սկզբանե սկսվել ենք մեկ «Yandex Taxi» ծառայությամբ։ Այս պահին միայն քաղաքային ծառայությունների շրջանակներում ունենք «Yandex Taxi»-ի, առաքման, սննդի, լիցքավորիչների, ինքնագլորների, հասարակական տրանսպորտի ծառայությունները։ Դրանից զատ, ունենք մեր մեդիա ծառայությունները՝ «Yandex Music»-ը, «Yandex Books»-ը, «Կինոպոիսկ»-ը և «Yandex Plus»-ը»։
Ընկերության տվյալներով՝ Հայաստանում «Yandex Go»-ի ծառայություններից ամսական օգտվում է մոտ 1 միլիոն 100 հազար մարդ։ Միայն քարտեզի միջոցով այս տարվա առաջին ութ ամիսներին օգտատերերը մոտ 54 միլիոն անգամ ճանապարհ են հաշվարկել՝ իրենց երթուղին որոշելու համար։ Իսկ հասարակական տրանսպորտի բաժնի ամսական ակտիվ օգտատերերի թիվը մոտ 700 հազար է։Քարտեզների տվյալները ընկերությունը օգտագործում է նաև Երևանի քաղաքային ենթակառուցվածքների հետ համագործակցության շրջանակում։
«Դեռ անցած տարի ստորագրել ենք համագործակցության մասին հուշագիր, որի արդյունքներում սկսել ենք տվյալներ տրամադրել քաղաքապետարանին, որպեսզի օգնենք մեր գործընկերներին որոշումները կայացնել տվյալների հիման վրա։ Այդ ուղղությամբ քաղաքապետարանի հետ փորձում ենք համատեղ ջանքերով թվայնացնել նաև լուսացույցերը»։
Տեխնոլոգիական ծառայություններին զուգահեռ ընկերությունը ներկայացնում է նաև կրթական ու սոցիալական ծրագրերը։ Վերջին տարիներին, ըստ Մխիթարյանի, շեշտը տեղափոխվել է հատկապես մարզերում կրթության հասանելիության վրա։
«Աքսելերատորը այս պահին արդեն թողարկված է, հավաքագրել ենք մոտ 140 դիմում, որի արդյունքում ընտրել ենք 10 նախագիծ, որոնք այս պահին անցնում են աքսելերացիան։ Հաջորդ նախաձեռնությունը դա ML School Armenia-ն է։ Մեքենայական ուսուցման այս դպրոցը հնարավորություն է տալիս պատրաստել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման բարձրակարգ մասնագետներ»։
Տեխնոլոգիական նոր զարգացումների մասին խոսելիս ընկերությունից նշում են նաև մի ուղղություն, որն արդեն փորձարկվում է տարբեր շուկաներում և կարող է շատ շուտով հասանելի դառնալ նաև Հայաստանում։
«Հուսով եմ կհասցնենք մինչև տարվա վերջ, բայց եթե չհասցնենք՝ մյուս տարվա սկզբին կարող եք Երևանում արդեն տեսնել մեր ռոբոտ առաքիչներին, որոնք ձեր պատվերը կբերեն, կհասցնեն տեղ»։
Պաշտոնական ներկայացումից հետո լրագրողների համար արդեն ոչ ֆորմալ հատված էր նախատեսված՝ գրասենյակում շրջայցը։ Մոսկովյան 35 հասցեում գտնվող կենտրոնում աշխատում է ավելի քան 500 մարդ։ Շրջայցի ընթացքում լրագրողները ծանոթացան ոչ միայն աշխատանքային տարածքներին, այլև այն պայմաններին, որոնք ընկերությունը ստեղծել է աշխատակիցների առօրյան ավելի հարմար դարձնելու համար։
Այստեղ կան մարզասրահներ, հանգստի գոտիներ, սնվելու համար նախատեսված հատվածներ, գրադարան, կինոդիտման սրահ, իսկ երեխաներ ունեցող աշխատակիցների համար՝ նաև մանկական սենյակներ և այլ հարմարություններ։ Այսինքն՝ աշխատանքային տարածքը կառուցված է ոչ միայն աշխատանքի, այլև օրվա ընթացքում տարբեր կարիքների համար անհրաժեշտ պայմանները մեկ վայրում ապահովելու տրամաբանությամբ։ Ընկերության ներկայացմամբ՝ նույն տարածքում գործում է նաև «Yandex Hall»-ը, որտեղ պարբերաբար անցկացվում են բաց հանդիպումներ՝ տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, պրոդուկտների կառավարման և բիզնեսի զարգացման թեմաներով։
Տասը տարվա ամփոփման օրը լրագրողների համար ավարտվեց արդեն ոչ պաշտոնական շփմամբ և ընկերության առօրյային ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորությամբ։