UWC Դիլիջանը հայտարարում է Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիայի մեկնարկը


  


UWC Դիլիջանը հայտարարում է Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիա կրթական ծրագրի մեկնարկի մասին: Չորսշաբաթյա ճամբարը նախատեսված է 15-17 տարեկան երիտասարդների համար: Ծրագիրը միջազգային է և մասնակիցները լինելու են Հայաստանից և աշխարհի այլ երկրներից: Մասնակիցները մի քանի շաբաթ շարունակ խորացված կուսումնասիրեն աստղաֆիզիկայի ոլորտի հետազոտություններ՝ ապրելով բազմազգ և բազմամշակույթ միջավայրում:


 


Աստղաֆիզիկայի ակադեմիայի իրականացումը հնարավոր է դարձել բարերարի աջակցությամբ, ով ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը առաջիկա չորս տարիների ընթացքում: Նվիրատուի նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը և աջակցել տեղի տաղանդների բացահայտմանն ու աճին:


«Բացահայտի՛ր տիեզերքը, ընդլայնի՛ր մտահորիզոնդ» նշանաբանի ներքո ակադեմիայի առաջին ծրագիրը կանցկացվի 2027 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 1-ը UWC Դիլիջանի համալիրում: Ծրագրին կարող է մասնակցել 24-36 ուսանող: Մասնակիցներին կտրամադրվի էական, կարիքի վրա հիմնված ֆինանսական աջակցություն:


Ակադեմիան նպատակ ունի այս փորձառություն միջոցով ոգևորել և ոգեշնչել գիտության ոլորտով հետաքրքրված պատանիներին: Չորսշաբաթյա ծրագրի առանցքում դիտողական աստղագիտության հետազոտական նախագիծն է: Փոքր խմբերով աշխատելով՝ ուսանողները կուսումնասիրեն RR Lyrae («Քնարի RR») տեսակի փոփոխական աստղերի պայծառությունը: Օգտագործելով պայծառության պարբերական փոփոխությունները՝ նրանք կհասկանան, թե ինչպես են աստղագետները չափում հեռավորությունները Ծիր Կաթին գալակտիկայում: Մասնակիցները կաշխատեն իրական տվյալների հետ, կգրեն և կկարգաբերեն ծրագրային կոդեր, կվերլուծեն արդյունքները և վերջում իրենց հետազոտությունը կներկայացնեն Ակադեմիային:


 


Տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչ հասակակիցների հետ ապրելն ու սովորելը ծրագրի կարևոր մասն է: Սա արտացոլում է UWC-ի այն համոզմունքը, որ կրթությունը մարդկանց, ազգերին և մշակույթները համախմբող ուժ է: Խտացված ուսումնական ծրագիրը ներառելու է հրավիրյալ դասախոսություններ, մշակութային միջոցառումներ, արշավներ, սպորտային խաղեր և Հայաստանը բացահայտելու բացառիկ հնարավորություններ:


 


Ակադեմիայի դասախոսական կազմում ընդգրկված են աստղաֆիզիկայի կամ հարակից ոլորտների գիտությունների թեկնածուներ և դոկտորներ: Նրանք ակտիվ հետազոտողներ են և ունեն բուհական մակարդակում դասավանդման ու փորձի փոխանցման հարուստ փորձ: Նրանց կօգնեն համալսարանական տարիքի ասիստենտները, որոնք աջակցելու են ուսանողներին թե՛ ուսումնական, թե՛ առօրյա հարցերում:


 


Ծրագիրը կանցկացվի UWC Դիլիջանում, որը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի տարածքում՝ 8 հեկտար մակերեսով համալիրում: Դպրոցն ունի ժամանակակից ենթակառուցվածքներ՝ գիտա-ուսումնական լաբորատորիաներ, գրադարան, կացարաններ, երաժշտական սրահներ, մարզական համալիր, ինչպես նաև լողավազանով, մարզասրահով և բացօթյա մարզական դաշտերով համալիր:


 


Դիլիջանը պատմական լեռնային քաղաք է՝ շրջապատված անտառներով, ինչն անկրկնելի միջավայր է ստեղծում ամառային ծրագրի համար: Մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչելու Հայաստանը՝ աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը: Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվելու շնորհիվ Հայաստանը ձևավորել է հարուստ մշակութային, ճարտարապետական և մտավոր ժառանգություն:


Դիմումների ընդունում և ֆինանսական աջակցություն


UWC Դիլիջանի Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան կանցկացվի 2027 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 1-ը: Ծրագրին կարող են դիմել 15-17 տարեկան դպրոցականները:


 


Դիմորդները պետք է ուսումնասիրած լինեն հանրահաշիվ, եռանկյունաչափություն և ֆիզիկա (մեխանիկա), ինչպես նաև վարժ տիրապետեն անգլերեն լեզվին (C1 կամ համարժեք մակարդակ): Բացառիկ դեպքերում կարող են դիտարկվել նաև 14 տարեկան դիմորդների հայտերը:


 


UWC Դիլիջանը ձգտում է ծրագիրը հասանելի դարձնել տարբեր սոցիալական խավերի տաղանդավոր երիտասարդներին: Կարիքավոր ուսանողներին կտրամադրվի էական ֆինանսական աջակցություն:


 


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել կայք:


 


UWC Դիլիջանի մասին


 


UWC Դիլիջանը Հայաստանում գործող միջազգային դպրոց-պանսիոն է, որը հանդիսանում է Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges) համաշխարհային կրթական շարժման անդամ: 2014 թ. բացումից ի վեր դպրոցը համախմբում է ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից՝ ստեղծելով բազմամշակութային, բարձր ուսումնական առաջադիմությամբ և արժեքահեն համայնք: Այժմ դպրոցի երկամյա Միջազգային բակալավրիատի (IB Diploma Programme) ծրագրով սովորում է 220 ուսանող՝ 80 երկրից:


 


UWC-ի առաքելությունն է. «Կրթությունը դարձնել ուժ՝ ուղղված մարդկանց, ազգերին և մշակույթները խաղաղության և կայուն ապագայի շուրջ համախմբելուն»:


UWC Դիլիջանի Աստղաֆիզիկայի ամառային ակադեմիան այս մոտեցումը տարածում է երիտասարդ գիտնականների նոր սերնդի վրա՝ համատեղելով ակադեմիական խորությունն ու հետազոտությունները բազմամշակութային շփման, համագործակցության և բացահայտումների հետ:


 


Բացահայտի՛ր տիեզերքը, ընդլայնի՛ր մտահորիզոնդ


 


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment