Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությունը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ քննարկել է հայ և արգենտինացի ժողովուրդների միջև կապերի ամրապնդումն ու փոխճանաչողության խորացումը, հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Կաթողիկոսը պատվիրակության այցը որակել է հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության վկայություն: Նա նաև անդրադարձել է Արգենտինայի աջակցությանը հայ ժողովրդին և արգենտինահայ համայնքի դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ այցը հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։
Նույն օրը պատվիրակությունը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա շրջել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։
Diario Armenia-ի տեղեկություններով, այցը կազմակերպել է «Ռիո դե լա Պլատայի համալսարանական հիմնադրամը» (FURP)՝ Հայաստանի և Արգենտինայի քաղաքական, միջխորհրդարանական և երկկողմ կապերի ամրապնդման նպատակով։
Պատվիրակության կազմում են Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներ Քրիստիան Ռիտոնդոն, Օսկար Զագոն, Սաբրինա Աջմեչետը, Ժիզել Կաստելնուովոն և Մարիա Խիմենա Լոպեսը, սենատորներ Գիլյերմո Անդրադան և Էդուարդո Վիշին, ինչպես նաև FURP-ի նախագահ Ֆրանսիսկո Կինտանան և գործարար ոլորտի ներկայացուցիչներ։
Հայաստան ժամանելուց առաջ պատվիրակությունը եղել է Հռոմում։
