Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքում նախատեսվում է տեղակայել հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգին սեպտեմբերի 30-ին միաձայն հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհուրդը։ Շենքը պատկանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը, որը կառավարում է «Զվարթնոց» օդանավակայանը և մտնում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների խմբի մեջ։
Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան $150 մլն ներդրում։
Հայեցակարգը մշակվել է լոնդոնյան Foster + Partners ճարտարապետական և դիզայներական ընկերության և պատմական շենքերի վերականգնման ոլորտում փորձառություն ունեցող հայկական Quadrum Architectural Office ճարտարապետական գրասենյակի համագործակցությամբ։
Հաստատմանը նախորդել է ճարտարապետական թիմերի և գիտամեթոդական խորհրդի միջև շուրջ 18 ամիս տևած համագործակցություն։
Այդ ընթացքում հայեցակարգը լրամշակվել է՝ հաշվի առնելով խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա ժառանգական տարրերի պահպանմանը։
«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար»,- հայտարարել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը։
Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։ Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ համալիրը կդառնա Երևանի նոր գրավչություններից մեկը և կնպաստի քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության դիրքի ամրապնդմանը։
Հանրապետության հրապարակը Երևանի ամենանշանակալի ճարտարապետական համալիրներից է, իսկ այնտեղ գտնվող շենքերն ունեն պատմական և մշակութային արժեք։
Տոնական լուսավորության տեղադրման աշխատանքների ժամանակ 2022 թվականին վնասվել էին հրապարակի շենքերի որոշ տարրեր։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այդ ժամանակ շենքերի վնասումը որակել էր հանցագործություն։ Երևանի քաղաքապետարանն իր հերթին հայտարարել էր, որ տոնական ենթակառուցվածքներն ապամոնտաժելուց հետո շենքերի արտաքին տեսքը կվերականգնվի։
