Ինչ-որ մեկի ձեռամբ դուրս մնացի ՀՀ բնակչության կազմից. ըստ «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկայի «ախտորոշման»՝ այլմոլորակային եմ. Կարեն Հեքիմյան

Եթե օրերից մի օր պարզեք, որ այլմոլորակային եք, ուրեմն, վստահաբար` Դուք հաշվառված եք «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում:

Դեռ երեկ այդ հիմնարկում ընտանեկան բժիշկ ունեի (ընդ որում, հաճախակի փոփոխվող), այսինքն` «հերոս-հարկատու» էի (ըստ Նիկոլ Փաշինյանի):

Դեռ երեկ հայտնի էին իմ արյան խումբը, ալերգիաներն ու ունեցած կամ չունեցած հիվանդությունները:

Այսօր ես ոչինչ չունեմ:

Այսօր անհայտ են իմ արյան խումբը, ալերգիաներն ու հիվանդությունները: Ես այլևս «հերոս-հարկատու» չեմ, քանզի նույնիսկ ընտանեկան բժիշկ չունեմ: Ավելին` ես զրկված եմ ընտանեկան բժիշկ ունենալու հնարավորությունից, քանզի պոլիկլինիկայի, առանց բացառության, բոլոր բժիշկների դիմաց գրված է, որ «կցագրված բնակչության քանակը հասել է առավելագույն սահմանաչափին»: Այսինքն, ես այսուհետ նույնիսկ բնակիչ չեմ:

Պոլիկլինիկան գտվում է Արտաշիսյան (նախկին Ծերեթելի) փողոցում: Այն Երևանի քաղաքապետարանինն է։ Թեպետ, կարծում եմ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունն ու յուր նախարար Անահիտ Ավանեսյանը ևս պատասխանատու են պոլիկլինիկայի գործունեության համար:

Պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկների զգալի մասը 65-80 տարեկան թոշակառուներ են: Վերջիններս հիմնականում չեն կարողանում համակարգչային ծրագրերից օգտվել, «Արմեդ» ծրագիր մուտք գործել: Պոլիկլինիկայում շփվել եմ ընդամենը մեկ համարժեք (ադեկվատ) բժշկի հետ: Այլևս չեմ շփվելու, քանզի ինչ-որ մեկի ձեռամբ դուրս մնացի ՀՀ բնակչության կազմից:

Ըստ «Սուրբ Աստվածամայր» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի «ախտորոշման», ես այլմոլորակային եմ:

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ

Leave a Comment