Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիներն ու Մերձավոր Արևելքում իրավիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը։
«Զրուցակիցները հիշել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ԱՄՆ-ում, որոնց 25-րդ տարելիցը նշվել է անցյալ շաբաթ։ Գերմանիայի կանցլերն ընդգծել է գերմանացիների և ամերիկացիների միջև առանձնահատուկ կապը»,- ասել է Կորնելիուսը։
Նրա խոսքով՝ Մերցն ու Թրամփը նաև «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ»։ Կորնելիուսը նշել է, որ կանցլեր Մերցը բարձր է գնահատել Կոնգրեսի կողմից Լինդսի Գրեհեմի ներկայացրած՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։
Կորնելիուսի խոսքով՝ քննարկվել է նաև իրավիճակը Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում։ «Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ բացել երկու ջրային ուղիները»,- ամփոփել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 9-ին Կորնելիուսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը հետաձգել է այդ օրը նախատեսված Մերցի և Թրամփի հեռախոսազրույցը, որը պետք է կայանար սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի կապակցությամբ։ Այն ժամանակ նա հետաձգման կոնկրետ պատճառներ չէր նշել։