Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։ Պետական պարտքը դրամային արտահայտությամբ առաջին կիսամյակում նվազել է 3.5 տոկոսով։ Կառավարությունը պարտքի կշռում ավելացնում է նաև ներքին պարտքը։
Սա մասնագետները դրական են գնահատում։ Վարկատուների թվում են Ասիական զարգացման բանկը, Եվրոպական զարգացման բանկը, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, Արժույթի միջազգային հիմնադրամը։
Հայաստանի տնտեսությունը անմասն չէ համաշխարհային իրադարձություններից։ Բայց պատասխանատուներն պնդում են, որ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են կառավարության կանխատեսումներին։ Տնտեսական աճն ու ռիսկի գործոնը ևս կարևոր են, ասում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7․9 տոկոսով, որը պայմանավորված է արդյունաբերության, շինարարության ու ծառայությունների ճյուղերի աճով»։
Տնտեսական զարգացումները կարևոր են, որպեսզի պարտքի հետ կապված խնդիրներ չլինեն։ Նախ պետք է սպասարկել պարտքը, հետո նաև փակել այն։ Հարկաբյուջետային կանոններով, եթե նշված տարվա վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը չգերազանցի այդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, ուրեմն՝ պարտքը կառավարելի է, և ծախսերը կրճատելու կարիք չկա։ Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 116 մլրդ դրամ։ Անցած տարի այն եղել է 5 տրիլիոն 303 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը 13 մլրդ 900 մլն դոլար է․
«2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական պարտքը դրամային արտահայտությամբ նվազել է 3,5%-ով, իսկ դոլարային արտահայտությամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ աննշան նվազելով փոխարժեքի փոփոխության հետևանքով: Քանի որ մենք ունենք հավելուրդային բյուջե, փոքր-ինչ շեղվել ենք պարտքի ներգրավման պլանից: Թողարկումները, իհարկե, իրականացվել են, քանի որ շուկան միշտ պետք է ունենա իրացվելիության բավարար աստիճան, սակայն մենք մի փոքր դանդաղեցրել ենք այդ գործընթացը՝ հաշվի առնելով մեր եկամուտների աճի առաջանցիկ տեմպերը»։
Հովհաննիսյանն ասում է, որ պարտքի կառավարման բոլոր ուղենիշները պահպանված են, բացի մինչև մարումը մնացած միջին ժամկետից։ Դեռևս երկարաժամկետ պարտատոմսերի մասով բարձր տոկոսային շուկա կա, պարտքի կառավարման տեսնակյունից կենտրոնացել են միջնաժամկետ պարտքի թողարկման վրա, որպեսզի կարողանան կառավարել պարտքի սպասարկման ծախսերը:
«Մենք պարտք չենք թողարկում կամայական գնով, որը շուկան առաջարկում է։ Դա է նաև պատճառը, որ մենք ունենք թե՛ պորտֆելի տոկոսադրույքների նվազում, և թե՛ առաջին կիսամյակում թողարկված պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումների էական նվազում»։
Կառավարությունը ներքին պարտքն է ավելացնում։ Մասնագիտական դաշտում կարծում են, որ չնայած այն ավելի թանկ է, բայց ռիսկերն ավելի քիչ են։ Դրամային պարտքը 1 տոկոսային կետով է ավելացել։
Պարտատոմսերի առկայությունը ևս որոշակիորեն զերծ է պահում ռիսկերից, ասում է Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը․ «Պետական պարտքի կառավարման տեսանկյունից պարտատոմսեր ունենալը մի քանի առումով է անհրաժեշտ՝ երկրի ռիսկի գնահատումն է հեշտ, ավելի իրացվելի գործքիներ են։ Մյուս կողմից էլ, պարտքի ներգրավման առումով, միջազգային գնանշումներ ունենալիս, ավելի հեշտ է պարտքի ներգրավման հարցերը լուծելը»։
Պարտքի մարման և սպասարկման համար 2026 թ բյուջեով կառավարությունը կարող է ծախսել ավելի քան 1 տրիլիոն դրամ։ Պարտքի գծով մայր գումարները՝ մարումները, կկազմեն շուրջ 630 մլրդ դրամ, իսկ տոկոսավճարները՝ 423.2 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես ներքին պարտքի գծով մարումներն ու տոկոսավճարները, այնպես էլ արտաքին։ Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում։ Դրանք կկազմեն ընդհանուր ծախսերի 11.7%-ը։
Վիճակագրության մեջ արտացոլված արտոնյալ վարկերը հիմնականում վերցվել են մինչև 2020-21 թթ.։ Դրանք աստիճանաբար մարվում են։ Վարկատուների թվում են Ասիական զարգացման բանկը, Եվրոպական զարգացման բանկը, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, Արժույթի միջազգային հիմնադրամը։ 2027-ի համար նախատեսված ծախսերը կներառվեն արդեն 2027թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, որը մինչև հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացվի խորհրդարան։