Հայաստանի քաղաքական դիվերսիֆիկացման ուղղություններից մեկը, ըստ ամենայնի, ԵՄ անդամ Լատվիայի Հանրապետությունն է։ Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի երկօրյա աշխատանքային օրակարգը հագեցած է և առնչվում է ինչպես երկկողմ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ Հայաստան-ԵՄ օրակարգի առաջմղմանը։
Ռիգայում արդեն ստորագրվել է նաև կոնկրետ գործողություններ սահմանող փաստաթուղթ։ Եվս երկու երկրների հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթերը կստորագրվեն առաջիկայում։ Քաղաքական դիվերսիֆիկացիայի մասին պաշտոնական Երևանը օրերս խոսել էր Բիշքեկում։ Վարչապետի՝ հայերեն ձևակերպված ուղերձները Կրեմլում կարծես թե ընկալվել են։
Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և ինքնիշխանության հաստատման մասին ազդակն օրերս հնչեց Բիշքեկում, որտեղ վարչապետ Փաշինյանի հայերեն ելույթն անակնկալի էր բերել մասնակիցներին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատում է՝ այդ ազդակն ընկալվել է․
«Ես մտածեցի՝ որտեղ է այն ականջակալը, որը պետք է դնեմ ռուսերեն թարգմանությունը լսելու համար։ Նաև մտածեցի՝ կլինի արդյոք ռուսերեն թարգմանություն, կա հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունը եղավ։ Այո՛, դա Հայաստանի ինքնիշխանության մասին ազդակ էր։ Անկեղծ ասած՝ մենք չհասկացանք, թե ինչու այդ մասին չի կարելի խոսել ռուսերեն։ Բայց ․․․»։
Վարչապետ Փաշինյանը Բիշքեկում խոսել էր նաև Հայաստանի համար ռազմավարական գործակցության նոր ուղղությունների մասին։ Արդեն առկա 13-ին կավելանան ևս երկուսը․
«Հնդկաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացիորեն ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձևակերպման ուղղությամբ։ Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբևեռ, և դա է կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։ Այդ քաղաքականության իմաստը հետևյալն է․ երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունը այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները»։
Արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման ակտիվ քաղաքականությունը պաշտոնական Երևանը որդեգրել է 2024-ից։ Միանգամից ռազմավարական մի քանի գործընկեր ունենալու մոտեցումը, դիվանագետների կարծիքով, արդեն արդյունքներ է տալիս։
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյան․ «Արդեն ունենք բավականաչափ լայն աշխարհագրություն ռազմավարական գործընկերությունների։ Դա մեծ ցանց է ստեղծում, դիվանագիտական քաշ է տալիս երկրներին։ Ինչո՞ւ են, օրինակ, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություններ ստորագրում։ Կթվա, չէ՞, տարբեր քաշային խաղացողներ են։ Սա խոսում է Հայաստանի կարևորության, հետաքրքրության և դերակատարության մասին՝ ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսների, տնտեսական, նաև քաղաքական կապակցվածության տեսանկյունից»։
Ռազմավարական գործակցության փաստաթղթերում կարևոր նշանակություն է տրվում նաև տնտեսական անվտանգությանը, ինչը Հայաստանի համար հատկապես կարևոր է հենց այս շրջանում՝ ռուսական ավանդական շուկայում առաջացած խնդիրների պայմաններում։
Ի դեպ, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում հատկապես Եվրոպական միության հետ ռազմավարական գործակցության հաստատման ընթացքից։ Պարզվում է՝ կան իրողություններ, որոնք տեղի են ունենում առաջին անգամ և կապված են հենց Հայաստանի հետ․
«Հայաստանը դարձավ փաստացի առաջին երկիրը, որը չի հանդիսանում ԵՄ թեկնածու-երկիր, բայց ստացավ դիմակայության և աճի ծրագիր և դրանով համապատասխան մոտ 272 միլիոն եվրոյի ֆինանսավորում։ Բովանդակության արտացոլումը տեսնում եմ, օրինակ, այսօր գետնի վրա առևտրային ինքնավար միջոցների՝ ԵՄ կողմից այս հիպերարագ տեմպերով ընդունման ընթացակարգի մեջ։ Եթե ամառային արձակուրդները չլինեին, մենք արդեն դա կունենայինք։ Հուսանք մոտակա շաբաթների ընթացքում դա կունենանք։ Դա պրակտիկ արտահայտություն է այդ «ռազմավարական» բառի»։
Խոսքը ԵՄ խորհրդի սեպտեմբերի 2-ի որոշման մասին է՝ երկու տարով ժամանակավորապես կասեցնելու հայկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
ԵՄ անդամ ոչ բոլոր երկրների հետ է Հայաստանը ստորագրել ռազմավարական գործակցության պայմանագրեր, բայց քայլեր այդ ուղղությամբ արվում են։ Օրինակ, Լատվիայում բավական լայն օրակարգ է քննարկվել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցի ժամանակ։
Այցի օրակարգում են Հայաստան-Լատվիա երկկողմ, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր:
Նախարարներ Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ստորագրել են ռեադմիսիայի արձանագրությունը։ Ռեադմիսիան կամ հետընդունումը միջազգային իրավունքում և միգրացիոն քաղաքականության մեջ պետության պարտավորությունն է՝ իր տարածք հետ ընդունելու այն քաղաքացիներին, իսկ երբեմն նաև օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք խախտել են մեկ այլ պետության մուտքի կամ կեցության կանոնները: Պարզ ձևակերպմամբ՝ սա երկու կամ ավելի երկրների պաշտոնական համաձայնությունն է՝ «հետ վերցնելու» անօրինական միգրանտներին: