Հիշողության եւ… ապրելու համար – Ազգ

Սեպտեմբերի 4-ից «True Story» («Իրական պատմություն») միջազգային անկախ առցանց հեռարձակման հարթակում կցուցադրվի ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սեւ այգին» վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Օգոստոսի 31-ին ֆիլմին նվիրված իր հրապարակման մեջ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Գարդիան» օրաթերթը: Հիշյալ հարթակում ցուցադրությունը հասանելի է ամբողջ աշխարհում:

Արցախի ողբերգությանը նվիրված այս կինոպատումի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 19-ին դանիական հայտնի կինոփառատոնում ցուցադրությամբ: Ինչպես նշվում է նաեւ բրիտանական թերթի հիշյալ անդրադարձում, այն պատմում է դաժան հակամարտության պատճառով արցախցի երկու պատանիների մռայլվող կյանքի, հայերի սերունդներին հանգիստ չտված ցնցումների, նաեւ՝ ապրելու նրանց ամուր կամքի մասին: Հոդվածագրի ձեւակերպմամբ՝ սա իր հուզական լիցքով հիշողության խորը ստեղծագործություն է:

… Իսկ ինչպիսի՞ն է բռնագաղթված արցախցի մեր հայրենակիցների կյանքը Մայր Հայաստանում, որի պետական քաղաքականությունը նրանց հարցում այսօր ուղղված է բացառապես սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելուն: Այդ ոլորտում առաջացած մի խնդրի է օրերս անդրադարձ կատարել ռուսական «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային պարբերականը: «Տասնյակ ղարաբաղցի փախստական   ընտանիքներ անօթևան են մնացել (բնակարանների) վարձավճարների թանկացման պատճառով: Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել վերահսկել վարձավճարները»,- ասվում է կայքի հրապարակման մեջ: Նշվում է, թե դրանք թանկացել են ամռան  սկզբից, ինչը Լեռնային Ղարաբաղից շատ փախստականների ստիպել է փնտրել ավելի էժան տարբերակներ: Մարդու իրավունքների պաշտպանները, ըստ լրատվամիջոցի, վարձավճարների այդ թանկացումը կապել են Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքի հետ:

Ղարաբաղցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը (ինչպես գրված է) վերջին շրջանում արդեն մի քանի տասնյակ տագնապալի զանգեր է ստացել նման խնդրի բախված, Երեւանում եւ շրջակա բնակավայրերում բնակություն հաստատած ընտանիքներից: Որոնք չեն կարողանում նոր գներով վճարել, տանտերերից պահանջ են ստանում ազատել բնակտարածքը: Նման ընտանիքների համար խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ իրենք մայրաքաղաքում արդեն նաեւ աշխատանք են գտել: Ըստ ամենայնի, խնդրին տեղյակ են կառավարությունում եւս: Մնում է երեւի  ավելի խորամուխ լինել ու գտնել հնարավոր իրական լուծումներ առանց այն էլ արդեն տեղահանված մարդկանց, ընտանիքների կենսական խնդրին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

Leave a Comment