Արմեն Գրիգորյան. «Սահմանափակումն արհեստական ջրբաժան է ստեղծում «հայաստանաբնակների» եւ «արտերկրաբնակների» միջեւ»

«Ազգի»  նախորդ համարից սկսյալ անդրադառնում ենք 2026 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-361-Ն օրենքով ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որի համաձայն՝ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որ քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են առնվազն 366 օր: Ստորեւ ներկայացնում ենք օգոստոսի 25-ին ուժի մեջ մտած օրենքի դեմ պատմաբան, պետական կառավարման մասնագետ Արմեն Գրիգորյանի կարծիքը, որ պատասխանում է «Ազգի» հետեւյալ հարցերին՝

1-Ձեր մասին համառոտ տեղեկագիր. ի՞նչ նպատակով եք ՀՀ-ից դուրս բնակվում, մասնակցու՞մ եք Հայաստանի կյանքին, ինչպե՞ս:

2-Հունիսի 7-ի ընտրությանը մասնակցե՞լ եք: Եթե այո, ՀՀ եք մեկնել հատուկ ա՞յդ նպատակով: Նախորդ տարիներին մասնակցե՞լ եք ընտրություններին:

3-  Ընտրություններին մասնակցելն իրավու՞նք է, թե՞ արտոնություն: Թե՞ երկուսը միաժամանակ:

4-ՀՀ քաղաքացիություն ունենալը արտերկրում բնակվողիդ ի՞նչ է տալիս:

5-Կարծում եք ճի՞շտ է հետեւյալ ձեւակերպումը՝ Երբ ես չեմ ընտրում, իմ փոխարեն ուրիշներն են որոշում քաղաքացիությամբ, անձնագրով  ինձ շնորհված երկրի ներկան եւ ապագան:

6- Դուք ՀՀ-ում ունեք հաշվառում, բայց ամիսների  ֆիզիկական բացակայության պատճառով զրկում են ընտրություններին մասնակցել. Դրանով ավելի շատ ՀՀ-ում ժողովրդավարությո՞ւնն են թուլացնում, սփյուռքի՞ դեմ են պատժամիջոց սահմանում,, թե՞ ձեզ առիթ են տալիս, որ 2 տարվա մեջ ավելի շատ լինեք այն երկրում, որի քաղաքացին եք (որ՝ առավել կապվեք):

7-Ընտրություններին մասնակցելու սահմանափակումը կարելի՞ է դիտարկել որպես պետության անվտանգության սպառնալիք: Եթե այո, հիմնավորեք:

8- Եթե ՀՀ-ն ընտրել է ԵՄ-ին մերձենալու ուղին, ապա այս սահմանափակումը  հետընթաց չէ՞, կամ՝ ո՞ր երկրի օրինակին է հետեւում: (ԵՄ երկրների մի մասի քաղաքացիները ընտրությանը մասնակցում են նաեւ այլ երկրներում գտնվելով՝  քվեարկում են դեսպանություններում կամ փոստային առաքմամբ):

Արմեն Գրիգորյան 1. 2021- ից բնակվում եմ Լոս Անջելեսում՝ ընտանիքների միավորման ծրագրով: ՀՀ-ն արտերկրում բնակվող շատերի ծննդավայրն է՝ բնօրրանը, մեր պատմական հայրենիքի մի մասը: Արտերկրում բնակվող շատ քաղաքացիներ իրենց ներդրումն են ունեցել ՀՀ-ի կայացման, զարգացման գործում՝ ծառայելով ՀՀ զինված ուժերում, իրենց մասնագիտական գիտելիքը, հմտությունն ու կարողությունը ծառայեցրել են իրենց վստահված բնագավառին, դրանով՝ երկրին ու հասարակությանը:  Որպես լիարժեք քաղաքացիներ, արտերկրում բնակվողները չեն կարող անտարբեր մնալ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Հայաստանի ներքին կյանքին մասնակցությունը դրսևորվում է տարբեր ձևերով, այդ թվում՝ հարկեր ու տուրքեր վճարելով, ինչպես նաեւ քաղաքական իրավունքներ իրացնելով:

2.  Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին իրացրել իմ ակտիվ ընտրական իրավունքը՝ քվեարկելով ընդդիմության թեկնածուներից մեկի օգտին: Վերջին ընտրություններին ակնկալվում էր վերջ դնել պարտությունների ու զիջումների անվերջ թվացող շղթային՝ առաջին հերթին իշխանափոխության միջոցով: Հայաստան ժամանելն ուներ մի քանի նպատակ, այդ թվում՝ ընտրությանը մասնակցելը: Ընտրական իրավունք ձեռք բերելու պահից՝ չափահաս դառնալուց ի վեր մասնակցել եմ ընտրություններին: Չեմ մասնակցել 2017-ին, 2018-ին և 2021-ին, պատճառը բնակության վայրը չի եղել (դրանցից 2-ի ժամանակ ՀՀ-ում եմ եղել), այլ՝ ազատ կամարտահայտման սկզբունքը:

3. Եթե դիտարկենք նեղ իրավաբանական իմաստով, ապա պատասխանը ՀՀ սահմանադրության տեքստում է՝ ընտրություններին մասնակցելը ՀՀ քաղաքացու հիմնարար քաղաքական իրավունքն է, առաջին հերթին՝ պետական կառավարմանը մասնակցելու նրա իրավունքի իրացման դրսեւորումներից մեկը: Ժողովրդավարական պետություններում ընտրական իրավունքի կարգավորումներն էապես տարբերվում են: Որոշ պետություններում քվեարկությանը մասնակցելը օրենքով սահմանված կարգով ունի նաև պարտականության բնույթ: Հետեւաբար՝ նեղ իրավաբանական իմաստով՝ այն իրավունք եւ պարտականություն է, ոչ թե արտոնություն:

4. Եթե ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցելը ՀՀ իրավական համակարգում համարվում է իրավունք (այն ո՛չ պարտականություն է, ո՛չ էլ արտոնություն), ապա քաղաքացիությունը կրողին օժտում է թե՛ իրավունքով, թե՛ պարտականությամբ, թե՛ արտոնությամբ: Այդուհանդերձ, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացու համար այն ունի առավելապես հուզական նշանակություն. Մեր նախնիների՝ անկախ պետականություն ունենալու նվիրական երազանքի փաստաթղթային դրսևորումն է, որ հայերիս հաղորդում է հպարտության խոր զգացում: Ցեղասպանության հետեւանքով աշխարհում սփռված հայության սերունդները ձգտում են դեպի իրենց արմատը, դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Հենց այս հանգամանքով սահմանադիրն ազգությամբ հայերի համար սահմանել է քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ: Մյուս կողմից էլ՝ պետությունը հայրենիքին մեծ ծառայություն մատուցած հայերին քաղաքացիություն է շնորհում սեփական նախաձեռնությամբ՝ որպես գնահատանք:

5. Ժողովրդավարական ընտրական համակարգի հիմնասյուներից է ազատ ընտրությունների սկզբունքը, որի առանցքային տարրերից է մասնակցության ազատությունը (կամավորությունը): Սակայն մեր իրականության մեջ հաճախ ենք բախվում տեսական հասկացությունների եւ գործնական կյանքի միջև առկա խոր անջրպետին: Ընտրական գործընթացը ձեւախեղվում է հատկապես վարչական ռեսուրսի չարաշահման, ժամկետային զինծառայողների ուղղորդված քվեարկության, ընտրություններից առաջ սոցիալական որոշակի խմբերի համար նախընտրական արտոնություններ սահմանելու, այլ գործոնների պատճառով: Ընտրությունների արդյունքի վրա նման գործոնների ազդեցությունը չեզոքացնելու միջոցը քաղաքացիների բարձր մասնակցությունն է: Վերջին ընտրություններից առաջ շատ վերլուծաբաններ պնդում էին, թե ակտիվ մասնակցությունն էապես սահմանափակում է գործող իշխանության վերարտադրման հնարավորությունը: Այս իմաստով կարելի է պնդել, որ « եթե ես չեմ ընտրում, իմ փոխարեն ուրիշներն են որոշում երկրի ներկան ու ապագան» ճշմարիտ ձևակերպում է:

6.  2026 -ի հուլիսի 3-ին ընդունված՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի նշանակությունը դիտարկենք մեկ այլ տեսանկյունից: Ուշագրավ է օրենքի ընդունման ընթացակարգը.նախագիծը շրջանառության մեջ դրվեց 2026-ի հունիսի 12-ին եւ, ինչպես վկայում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ընդունվեց արագացված կարգով՝ առանց հանրային որեւէ քննարկման: Քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե տեխնիկական բնույթի հարաբերություններ, այլ սահմանադրությամբ ամրագրված հիմնարար քաղաքական իրավունք, շատ վերլուծաբաններ նման ընթացակարգը համարում են խնդրահարույց: Խնդրահարույց է նաև օրենքի սահմանադրականությունը: ՀՀ սահմանադրությունն ունի իրավաբանական բարձրագույն ուժ, նրա նորմերը գործում են անմիջականորեն: Ընտրական իրավունքը սահմանված է որպես քաղաքական հիմնարար իրավունք, որի իրացումը պայմանավորված է բացառապես քաղաքացիությամբ ու տարիքով, իսկ ընտրական իրավունքի սահմանափակումների ցանկը սահմանադրության տեքստում շարադրված է սպառիչ: Օրենսդիրն իրավասու չէր օրենքով սահմանելու նստակեցության լրացուցիչ ցենզ, որը դուրս է  սահմանափակումների այդ ցանկից: Նշված ցենզը զգալիորեն սահմանափակում է ընտրական իրավունքը՝ ուղղակիորեն հակասելով սահմանադրության հիմնարար ժողովրդավարական կառավարման եւ համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքներին: Այն ընդունելով ՀՀ-ում ժողովրդավարության հիմքերը թուլանում են:

7. Առաջին հայացքից թվում է, թե սահմանափակումն առնչություն չունի պետության անվտանգության մարտահրավերների հետ, հատկապես երբ օրենսդիրն օրենքի ընդունումը հիմնավորում է «անվտանգային ռիսկերը չեզոքացնելու» թեզով: Միգուցե կարճաժամկետ հատվածում նման հիմնավորումը կարող է ընդունելի թվալ հասարակության լայն զանգվածների համար, սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմավարական եւ երկարաժամկետ կտրվածքով այն պետք է դիտարկել որպես պետական անվտանգության միջնորդավորված սպառնալիք:

Փորձենք հիմնավորել.ՀՀ-ն թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ փոքր է, աշխարհաքաղաքական բարդ միջավայրում է: Հետեւաբար, նման պայմաններում ազգային համախմբումն ու աշխարհասփյուռ հայության միասնությունն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես բանաստեղծական վերացական հասկացություն , այլ որպես պետական անվտանգության կարեւորագույն ռազմավարական ռեսուրս (լոբբիստական, տնտեսական, տեղեկատվական, մտավոր եւ այլն): Նման սահմանափակումն արհեստական ջրբաժան է ստեղծում «հայաստանաբնակների» եւ «արտերկրաբնակների» միջեւ՝ ձեւավորելով «լիարժեք» եւ «ոչ լիարժեք» քաղաքացիների խմբեր, որ թուլացնում է ազգային միասնականությունն ու համախմբվածությունը, իսկ արտաքին սպառնալիքների պարագայում միասնականության բացակայությունը դառնալու է պետության դիմադրողականության անկման առաջնային պատճառ: Օրենքը խարխլում է ազգային համախմբվածությունը, նվազեցնում վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ, նպաստում  Սփյուռքի հետ կապի խզմանը, ինչը պետական անվտանգության լուրջ սպառնալիք է:

8. Քննարկվող հարցի առանցքում պետք է դնել ոչ թե վերջին տարիներին ԵՄ-ին մերձենալու կասկածելի քաղաքականությունը, այլ ՀՀ-ի պատմական անցումը խորհրդային ամբողջատիրությունից  եւրոպական ժողովրդավարական մոդելի: Այս ուղեգիծն ամրագրվել է դեռեւս 1990-ին Անկախության հռչակագրով, 1995-ի սահմանադրությամբ եւ 2001-ին ԵԽ-ին անդամակցությամբ, որով ՀՀ-ն պարտավորվել է ընտրական իր համակարգը համապատասխանեցնել եւրոպական չափանիշներին: Այս համատեքստում արտերկրի  քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումն ակնհայտ հետընթաց է, քանի որ ուղղակիորեն հակասում է միջազգային կառույցների դիրքորոշումներին: Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ բնակության ցենզը կարող է կիրառվել միայն տեղական, ոչ թե համապետական ընտրությունների դեպքում: ԵԽԽՎ-ն ընդգծում է, որ պետությունները պետք է աջակցեն, ոչ թե սահմանափակեն արտերկրի  քաղաքացիների քվեարկությունը, իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արտերկրում բնակվելու հիմքով անձին քվեարկության իրավունքից զրկելը որակում է որպես «անհիմն սահմանափակում»: Ժամանակակից միջազգային ստանդարտները պետություններից պահանջում են ոչ թե սահմանափակել ընտրողների շրջանակը, այլ ընդհակառակը՝ ապահովել արտերկրում գտնվող քաղաքացիների մասնակցությունը դիվանագիտական ներկայացուցչությունների կամ էլեկտրոնային քվեարկության միջոցով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Leave a Comment