Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ի դատական նիստին. պարզաբանում է փաստաբանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) չեն ներկայանալու օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին, հայտնել է նրանց շահերի պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ փաստաբանի՝ հոգևորականները նիստին չեն ներկայանալու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: Դատական նիստին ներկայանալու և նրանց շահերը պաշտպանելու են միայն պաշտպանները:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կաթողիկոսն ու եպիսկոպոսները, օգտագործելով իրենց լիազորությունները, կարգալույծ են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանին, ինչը մեղադրանքի կողմը որակել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում:

Պաշտպանական կողմը պնդում է, որ եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցու ներքին կանոնական կյանքի առանցքային տարրն է, և պետությունն իրավունք չունի միջամտելու դրան:

Leave a Comment