Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները դատական նիստին չեն ներկայանա․ փաստաբան

Հայ Առաքելական եկեղեցու և իշխանությունների միջև շարունակվող լարվածության ֆոնին 2025 թվականի ընթացքում կարգալույծ էին հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը, Տ. Արամ քահանա Ասատրյանը, Տ. Տարոն քահանա Հունանյանը, Տ. Թադե քահանա Թախմազյանը, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Նրանք հրապարակային հակադրության մեջ էին մտել Մայր Աթոռի և եկեղեցական վերնախավի հետ՝ իշխանության կողմից Վեհափառի հրաժարականի պահանջների ֆոնին։ 

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։

Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Օգոստոսի 7-ին գործով առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Օգոստոսի 25-ին մի խումբ դատավարագետներ կազմել և Վեհափառ հայրապետին ու դատարանին են ներկայացրել սույն գործով Amicus Curiae եզրակացություն՝ նշելով, որ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ենթակա են արդարացման։

Leave a Comment