Կառավարությունը Երևանին ժամկետանց յոդացված աղ կնվիրի

Երևան համայնքին նախատեսվում է նվիրել մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված 24 հազար կգ ժամկետանց յոդացված աղը։ Նախագծի համաձայն՝ քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել աղը սեփական միջոցներով տեղափոխել և այն օգտագործել երկրորդային նշանակությամբ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից համապատասխան գրությամբ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին տեղեկացվել է, որ նախկին «Ուրարտու» տերմինալ ՄՀՏ-ում առկա է մաքսային մարմինների կողմից թիվ 05100041/200319/00021888 տարանցման հայտարարագրով արգելանքի վերցված (արգելապահված) 24,000 կգ քաշով ժամկետանց յոդացված աղ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման իմաստով հանդիսանում է երկրորդային նշանակությամբ օգտագործման ենթակա գույք։

Կոմիտեի կողմից տեղեկացվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել վերոնշյալ յոդացված աղը սեփական միջոցներով տեղափոխելու և հետագայում այն երկորդային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ։

Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի  2-ի N 253-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի՝ «ապրանքների օգտագործումն իրականացվում է նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ երկրորդային նշանակությամբ օգտագործելու միջոցով, ինչի ապահովման նպատակով Կոմիտեի կողմից նշված ապրանքները հանձնման-ընդունման ակտով հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե»:

Հիմք ընդունելով Կոմիտեի գրությունները՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Գույք նվիրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է արգելանքի վերցված (արգելապահված) 24,000 կգ քաշով ժամկետանց յոդացված աղը նվիրել Երևան համայնքին։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետը սահմանում է միայն գույքը ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու հետ կապված հարաբերությունները, իսկ սույն նախագծով կարգավորվում է ոչ միայն գույքի ընդունման, այլև ըստ էության գույքի հետագա արդյունավետ և նպատակային օգտագործման հարցը։

Հարկ է նշել նաև, որ նմանատիպ ծավալի գույքի պահպանման համար ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն չունի համապատասխան տարածքներ, իսկ սույն նախագծի ընդունման արդյունքում հավելյալ ծասխսեր պահանջող գործառույթները (պահառության, տեղափոխման, պահպանության) չեն լինելու։

ՀՀ կառավարության 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ սահմանվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, որի 6.7 կետով հաստատվել է «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժինը։ Ծրագրի համաձայն սահմանվել են գույքի արդյունավետ կառավարման, արդյունավետության և գրավչության բարձրացմանը, հաշվառմանը, միասնական բազայի հիմնմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։ 24,000 կգ քաշով ժամկետանց յոդացված աղը Երևան համայնքին նվիրելը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

«Գույք նվիրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

Leave a Comment