
Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինս ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ նոր ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար: Կասկածյալը ձերբակալվել է դատարան ներկայացվելու և խափանման միջոցի հարցը որոշելու նպատակով:
Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև զինծառայողներին վրաերթի ենթարկած տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ում նկատմամբ որպես խափանման միջոց արդեն իսկ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները և մեղավոր անձանց շրջանակը լիարժեք պարզելու համար: