Այսօր Հայաստանն «ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ», օգոստոսի 25-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմումի գործընթացը։
Նախորդ օրը Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը, հավանաբար, շուտով կսկսի Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմումի գործընթացը՝ չնշելով, սակայն, կոնկրետ ժամկետներ։
Եվրոպական հանձնաժողովը ողջունել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը։
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Լամերտը հիշեցրել է մայիսին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի, ինչպես նաև Դիմացկունության և աճի ծրագրի և Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում համագործակցության մասին։
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանն արդեն «առաջին քայլն է արել դեպի ԵՄ»՝ ընդունելով եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկը նախատեսող օրենքը։ Լամերտն այն բնորոշել է որպես «կարևոր խորհրդանշական ազդանշան»։
Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովը վերահաստատել է, որ ԵՄ-ին անդամակցությունը «հստակ սահմանված և արժանիքների վրա հիմնված գործընթաց» է, որը սկսվում է անդամակցության պաշտոնական դիմումի ներկայացմամբ։
Լամերտի խոսքով՝ Բրյուսելն արդեն աշխատում է Հայաստանի հետ հետագա մերձեցման ուղղությամբ, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի, առևտրի և համագործակցության այլ ոլորտներում։