Էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը՝ առաջնահերթություն․ հայ և ադրբեջանցի էներգետիկներն են հանդիպել

Լաչինում հանդիպել են էներգետիկայի ոլորտի հայ և ադրբեջանցի մասնագետները ՝ հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Այլ մանրամասներ այս պահին չկան։ Հայտնի է միայն, որ հանդիպմանը մասնակցել են երկու երկրների նախարարությունների և էներգետիկ համակարգերի օպերատորների ներկայացուցիչները։ 

Մասնագետները նշում են, որ Հայաստանը կարող է հոսանք մատակարարել Ադրբեջանին ենթակառուցվածքային որոշակի կարգավորումներից հետո։ Նրանց գնահատմամբ՝ Հայաստանի համար կարևոր է էներգիա արտահանող երկիր լինելը, իսկ առաջնահերթությունն էներգետիկ անվտանգությունն ապահովելն ու Հայաստանի տնտեսությունը նոր կախվածության մեջ չդնելն է։

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Լաչինում հանդիպել են ու քննարկել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները՝ «Ռադիոլուր»-ին փոխանցում են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Տեղեկացնում են նաև, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են երկու երկրների համապատասխան նախարարությունների, ինչպես նաև էներգետիկ համակարգերի օպերատորների ներկայացուցիչները։  Հայկական կողմից խոսքը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր»-ի, իսկ ադրբեջանական կողմից՝ «Ազերէներջի» ընկերության մասին է։  

Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին ավելի վաղ խոսել էր Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը զուգահեռ առանցքային նշանակություն է ստանում էներգետիկ կապակցվածության ընդլայնումը․

«Տրանսպորտային ուղիների ներառական ապաշրջափակմանը զուգահեռ, առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Սա ենթադրում է նաև հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի ու կցորդիչների կառուցում, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ էներգիային անցմանը»։     

Ոլորտը համակարգող նախարարը՝ Դավիթ Խուդաթյանն էլ ընդգծել էր․ «Մենք ռիսկեր չենք տեսնում նախագծի իրականացման համար։ Եթե անգամ լինեն դրանք, ապա կառավարելի են լինելու։ Բայց այս պահին ռիսկեր չկան»։

ՏԿԵ նախարարը նշում  է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոնացումը։ Դա ոչ միայն առևտրային նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին․

«Այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին, և հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին, և հակառակը։ Տեխնիկապես հնարավոր է չորս հարևանների հետ էլ կատարել։ Տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացածի մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք դրանց։ Մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված»։  

Վերլուծելով իրական հնարավորությունները՝ մասնագետներն ասում են, որ այս պահին ավելի իրատեսական է Հայաստան-Թուրքիա էներգետիկ գործակցությունը։

Էներգետիկ հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյան «Եթե խոսում ենք ավելի առարկայական Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան կամ այլ պետությունների հետ էլեկտրաէներգետիկական գործակցության մասին, իմ կարծիքով՝ Հայաստան–Թուրքիան առաջին հերթին ավելի հավանական է, այդ թվում՝ տեխնիկական իմաստով։ Հայաստան–Թուրքիա, ըստ էության, պրոցեսը սկսվել է դեռևս ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ։ Հայտնի պատճառներով ընդհատվեց։ Այդ ուղղությամբ էլեկտրամատակարարումը առաջին հերթին տեխնիկապես պետք է դիտարկվի Գյումրի–Կարս առանցքում»։

Ադրբեջանի կապակցությամբ մասնագետն ընդգծում է՝ եթե Նախիջևանն ունի էլեկտրաէներգիայի պահանջարկ, ապա Հայաստանը կարող է հոսանք մատակարարել ենթակառուցվածքային որոշակի կարգավորումներից հետո։ Հայաստանի համար կարևոր է էներգիա արտահանող երկիր լինելը՝ ընդգծում են մասնագետները։ Միևնույն ժամանակ, նրանց համոզմամբ, առաջնահերթությունն էներգետիկ անվտանգությունն ապահովելն ու Հայաստանի տնտեսությունը նոր կախվածության մեջ չդնելն է։

Leave a Comment