Իսրայելը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հակամարտության սրմամբ, սակայն թույլ չի տա Սիրիայում թուրքական ռազմաբազաների ստեղծումը։ Այս մասին N12 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Առաջին հերթին, մենք շահագրգռված չենք Թուրքիայի հետ հակամարտության սրմամբ։ Մեզ հետաքրքրում է Սիրիայում կայունության և ստատուս քվոյի պահպանումը։ Սակայն մենք չենք հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմաբազաների ստեղծումը կամ թուրքական զինուժի առաջխաղացումը դեպի Սիրիայի հարավ։ Իսրայելը չի կարող դա թույլ տալ», – ասել է Սաարը։
Նրա խոսքով՝ Իսրայելը «միշտ նախապատվությունը կտա հակամարտությունների կարգավորմանը դիվանագիտական բանակցությունների միջոցով»։ «Երբեմն մենք այլ ելք չունենք, քան գործելը, սակայն միշտ նախապատվությունը կտանք դիվանագիտական ճանապարհին», – հավելել է նա։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտեցել է» Իսրայելի հետ անվտանգության ոլորտում ստատուս քվոյի խաթարմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։
Իր հերթին Syria TV հեռուստաալիքը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր ռազմական օդանավակայանին։