Անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հունիսի 13-ին 3 անչափահասներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, որտեղ փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել բջջային հեռախոսով և տեղադրել համացանցում: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՔԿ-ից։

Նախաքննության ընթացքում 3 անչափահասի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment