Հնդիկ գիտնականները նոր հակաքաղցկեղային դեղամիջոց են մշակել, որն ակտիվանում է քաղցկեղային բջիջների ներսում և կարող է այլընտրանք դառնալ քիմիաթերապիային։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը։
RK-251 անվանումը ստացած դեղամիջոցը մշակել են Հնդկաստանի Գիտության և տեխնոլոգիաների առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի և Գուվահաթիի Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները։
Հնդկաստանի նախարարությունում նշել են, որ նոր «խելացի» դեղամիջոցը նախատեսված է միայն քաղցկեղային բջիջների ներսում գործելու համար և կարող է փոխարինել ավանդական քիմիաթերապիային, որը շատ դեպքերում վնասում է նաև առողջ բջիջները։
RK-251-ը առողջ հյուսվածքներում մնում է ոչ ակտիվ վիճակում և հիմնականում ակտիվանում է ուռուցքային բջիջներում։ Դեղամիջոցի ազդեցության մեխանիզմը հիմնված է ակտիվ թթվածնային միացությունների բարձր մակարդակի վրա, որը բնորոշ է քաղցկեղային բջիջներին։
Հետազոտությունները RK-251-ի ակնհայտ թունավորության նշաններ չեն հայտնաբերել, ինչը, նախարարության գնահատմամբ, թույլ է տալիս շարունակել դրա անվտանգության և արդյունավետության ուսումնասիրությունները։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարությունում ընդգծել են, որ դեղամիջոցը դեռևս գտնվում է նախակլինիկական փուլում, և մարդկանց մոտ դրա կիրառման հնարավորությունը գնահատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։