Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր հանցագործությունները փոքր-ինչ նվազել են, սակայն սպանության փորձերի և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճը մտահոգիչ պատկեր է ցույց տալիս։ Գրանցվել է շուրջ 22 հազար հանցագործություն՝ նախորդ տարվա գրեթե նույն ցուցանիշի փոխարեն, իսկ բացահայտման մակարդակը 64,7-ից հասել է 73,5 տոկոսի։ Ի՞նչ են ասում այս թվերը, ինչո՞վ է պայմանավորված աճը և ի՞նչ քայլեր է նախատեսում ՆԳՆ-ն՝ հանցավորությունը կանխելու համար։
Հայաստանում այս տարվա առաջին կեսին 20 մարդ է սպանվել՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն։ Բայց իրավապահների ներկայացրած մյուս ցուցանիշն արդեն այլ պատկեր է ցույց տալիս․ սպանության փորձերի թիվը 39-ից հասել է 51-ի։ ՆԳՆ ոստիկանության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի խոսքով՝ այս դեպքերի մեծ մասը իրավիճակային է՝ առաջացել է հանկարծակի ծագած կոնֆլիկտների հետևանքով։
«Սպանության փորձերի դեպքերի խորքային վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց մեծ մասը իրավիճակային հանցագործություններ են, այսինքն՝ տեղի են ունեցել դեպքերի արագ զարգացման պայմաններում՝ հանկարծակի ծագած դիտավորության արդյունքում»։
Սպանությունների առումով մեկ այլ ուշագրավ դետալ էլ կա․ 20 սպանությունից 13-ը անձնական-կենցաղային վեճերի հետևանք է։ Այսինքն՝ ամենածանր հանցագործությունների զգալի մասը սկսվում է ոչ թե փողոցում անծանոթ մարդկանց միջև, այլ մարդկանց ամենամոտ շրջապատում առաջացած կոնֆլիկտներից։ Հատկանշական է նաև ՆԳՆ-ի մեկ այլ՝ ավելի վաղ հրապարակած տվյալ․ ընտանեկան և կենցաղային բռնության մասին ոստիկանություն ստացած հաղորդումները տարվա առաջին կեսին 78-ով ավելացել են։
Ոստիկանությունը նշում է՝ ապօրինի զենքի հայտնաբերումն ու շրջանառությունից հանելը շարունակում է մնալ առաջնահերթություն։
Մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ՝ անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են 43,5 տոկոսով՝ 124-ից հասնելով 178-ի։ Իսկ անչափահասների նկատմամբ հանցագործությունները նվազել են։ Դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում արձանագրվել է 72 դեպք՝ նախորդ տարվա 74-ի փոխարեն։ Դրանցից 20-ը մարմնական վնասվածք հասցնելու, 40-ը՝ ֆիզիկական ներգործության, 4-ը՝ խուլիգանության դեպքեր են։ ՆԳՆ-ում ընդգծում են՝ անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելումը միայն ոստիկանության խնդիրը չէ․ այստեղ պետք է ներգրավված լինեն ընտանիքը, դպրոցը և մյուս պետական ու համայնքային կառույցները։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են, բայց ոստիկանությունը շրջանառությունից ավելի մեծ քանակով թմրամիջոց է հանել։ Իսկ հանցագործությունների մի մասն արդեն տեղափոխվում է համացանց։ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը նշում է՝ ոստիկանությունը փորձում է ավելի օպերատիվ աշխատել նաև թվային միջավայրում։
«Թվային տիրույթում քրեական ոստիկանությունն իր կարողությունները պետք է զարգացնի այն տրամաբանությամբ, որ շատ հանցատեսակներ հետզհետե մեծ տեմպերով տեղափոխվում են համացանց, և համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք»։
ՆԳՆ-ն նախատեսում է նաև կիբեռլաբորատորիա ստեղծել։ Մկրտչյանի խոսքով՝ հանցագործությունն այսօր կարող է մի երկրում պլանավորվել, մյուսում իրականացվել, ու դրա դեմ պայքարը պահանջում է նաև միջազգային համագործակցություն։ Քրեական ենթամշակույթի խնդրին նույնպես անդրադարձ եղավ։ ՆԳՆ-ում ասում են՝ դրա դեմ պայքարը միայն իրավապահների գործը չէ։
«Ձեր ասած ենթամշակույթի և մնացածը ամեն ինչ սկսում է ընտանիքից, սկսվում է սոցիալական վիճակից և ամեն ինչից, իսկ ոստիկանությունը արձանագրում է և փաստերով, և մենք ունենք փաստը, և դուք տեսնում եք, որ փաստով արձանագրված և նվազում ունենք, և բացահայտման ցուցանիշների բարձրացում ունենք»։
Վերջին շրջանում համացանցում գրում են, թե Մալիշկայում այսպես ասած «ուրվական» կա․ դիմակավորված անձը օրեր շարունակ անհանգստացնում է բնակիչներին։ Ցուցուլյանի խոսքով՝ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատում են, սակայն այս պահին արդյունք չկա։ Տեղեկություն չկա նաև Աջափնյակում օգոստոսի 10-ին անօգնական վիճակում գտնված երեխայի ծնողների մասին։
Արմեն Մկրտչյանը խոսեց նաև հենց ոստիկանների կողմից իրավախախտումների մասին։
«Ցանկացած դեպք, որը ոստիկանության ծառայողի կողմից կարվի, և դրա մեջ կլինեն իրավախախտման, կարգապահական խախտման կամ հանցագործության ակտ, պետք է արձանագրվեն և հասցեական քննության ենթարկվեն»։
Վեց ամսում ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, 11 ծառայողի ծառայությունը դադարեցվել է, իսկ 7 դեպքով նյութեր ուղարկվել են նախաքննական մարմին։ 9 ոստիկան էլ ազատվել է ծառայությունից՝ թմրամիջոց օգտագործելու դեպքերի պատճառով։