29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ներքին փաստաթղթերի արխիվացման ընթացքում հայտնաբերվել է մի փաստաթուղթ, որը ներկայացվել էր որպես պարզաբանում՝ ուղղված Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը։ Փաստաթղթում, ի թիվս այլ հանգամանքների, նշվել է, որ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը կնոջը՝ Սիրանուշ Մոկլոզյանին, ձևակերպել է որպես աշխատակից, սակայն վերջինս, ըստ ներկայացված տվյալների, փաստացի աշխատանքի չի հաճախել՝ միաժամանակ ստանալով աշխատավարձ։

Նշված տեղեկությունների իսկությունն ու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով բժշկական կենտրոնում նախաձեռնվել է ներքին ուսումնասիրություն, տեղեկացրեց բժշկական կենտրոնի իրավաբան Քրիստինա Խաչատրյանը։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի գործունեության վերաբերյալ բժշկական կենտրոնը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտե։

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, ըստ վարույթի տվյալների, ենթադրյալ խախտումները կրել են համակարգային բնույթ։

Ինչպես ներկայացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Տաթևիկ Վարդանյանը՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Տաթևիկ Վարդանյանի խոսքով՝ ըստ նախաքննության տվյալների՝ 2001-2020 թվականների ընթացքում բժշկական կենտրոնում որպես աշխատակից ձևակերպված մի շարք անձինք, ըստ վարույթի տվյալների, փաստացի չեն կատարել աշխատանքային պարտականությունները։ Ըստ քննիչի՝ այս հանգամանքի վերաբերյալ ցուցմունքներ են տվել նաև նախկին և գործող աշխատակիցներ։

Քննության ընթացքում ստացվել է նաև մեկ այլ հաղորդում՝ նմանատիպ ենթադրյալ արարքների վերաբերյալ։ Արդյունքում քննության առարկա են դարձել ընդհանուր առմամբ հինգ դրվագներ, որոնց շրջանակում քննվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և յուրացման, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման վերաբերյալ հանգամանքներ։ Դեպքի առթիվ իրականացվել է ծավալուն քննություն։

Քննիչի խոսքով, բացի այդ, ըստ նախաքննության տվյալների, Նիկոլայ Դալլաքյանն իր պաշտոնավարման ընթացքում համանման ձևակերպմամբ աշխատանքի է ընդունել ևս չորս անձի։

Նրանք ձևակերպվել են բժշկական կենտրոնի տարբեր հաստիքներում, սակայն, ըստ վարույթի տվյալների փաստացի աշխատանքի չեն ներկայացել։ Այդուհանդերձ, նրանց անվամբ բյուջեից դուրս են գրվել տարբեր չափերի աշխատավարձեր և այլ վճարումներ։

Քննիչն ընդգծեց, որ ըստ նախաքննության տվյալների՝ աշխատանքի ձևակերպված այդ անձինք տարբեր առումներով փոխկապակցված են եղել Նիկոլայ Դալլաքյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ։

Մասնավորապես, նրանցից մեկը հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչի կինն է եղել։ Նա ձևակերպված է եղել որպես սանիտար, սակայն, ըստ վարույթի նյութերի, փաստացի երբևէ աշխատանքի չի ներկայացել։

Ըստ վարույթի տվյալների՝ ենթադրյալ յուրացման սխեմայի իրականացմանն օժանդակել է նաև հիշյալ բաժանմունքի վարիչը։

Քանի որ վերջինս մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել։Ընդունվել է հանրային քրեական հետապնդում չհարուցելու որոշում՝ մահվան հիմքով, որը քրեական դատավարության իմաստով համարվում է ոչ արդարացնող հիմք։

Ըստ քննիչի՝ գործով քննության առարկա են դարձել ընդհանուր հինգ դրվագներ, իսկ պետությանը պատճառված ենթադրյալ վնասի ամբողջ գումարը վերականգնվել է։

Քննիչի ներկայացմամբ՝ մեղադրանք առաջադրված անձանց մի մասը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ մյուսները, թեև չեն ընդունել մեղադրանքը, ներկայացրել են ցուցմունքներ՝ անդրադառնալով գործի հանգամանքներին։

Մեղադրանք է առաջադրվել ինչպես այն անձանց, ովքեր, ըստ քննության տվյալների, ձևակերպված են եղել որպես աշխատակիցներ, սակայն փաստացի չեն իրականացրել աշխատանքային պարտականություններ, այնպես էլ այն անձինք, ովքեր ունեցել են պարտականություններ՝ վերահսկելու նրանց աշխատանքի ներկայությունը, ինչպես նաև լիազորություններ՝ համապատասխան փաստաթղթեր կազմելու և ստորագրելու։

Ըստ վարույթի տվյալների՝ այդ անձանց վերագրվել է Նիկոլայ Դալլաքյանին ենթադրյալ յուրացմանը օժանդակելու հանգամանքը։

Նույն հիմքով մեղադրանք է առաջադրվել նաև Նիկոլայ Դալլաքյանի կնոջը՝ Սիրանուշ Մոկլոզյանին, քանի որ, ըստ քննության վարկածի, նա ևս օժանդակություն է ցուցաբերել ենթադրյալ յուրացման իրականացմանը»։

Նիկոլայ Դալաքյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2020 թվականը, այնուհետև շարունակել է աշխատել նույն բժշկական կենտրոնում՝ զբաղեցնելով գլխավոր բժշկի պաշտոնը։

Ըստ բժշկական կենտրոնի ներկայացրած տվյալների՝ նախկինում տնօրենի և գլխավոր բժշկի պաշտոնները համատեղված են եղել մեկ հաստիքում։ Հետագայում հաստիքային փոփոխությունների արդյունքում Նիկոլայ Դալլաքյանը զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը։

Ավելի ուշ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Հովհաննես Զահրաբոյանը, իսկ Նիկոլայ Դալաքյանը՝ գլխավոր բժշկի պաշտոնը։ Հետագայում՝ 2022 թվականին, Նիկոլայ Դալաքյանն ազատվել է նաև այդ պաշտոնից։

2026 թվականի հուլիսի 15-ին քրեական վարույթն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Leave a Comment