
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այսօր՝ օգոստոսի 15-ին, Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի երկրորդ օրը։ Սկսած ժամը 12:00-ից՝ քաղաքում բացվել է նաև տեղական արտադրանքի տոնավաճառը:
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը:
Ավտոբուսները սպասարկելու են Գորիս — «Զանգեր» — Հին Խնձորեսկ — Գորիս, ինչպես նաև Գորիս — Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի — հին քարանձավային Գորիս — Սուրբ Հռիփսիմե եկեղեցի — Գորիսի քարանձավային ամֆիթատրոն — Գորիս երթուղիները:
Օրվա աշխույժ ռիթմերը Գորիսում ապահովելու է DJ TÉGRA-ն:
Երեկոյան՝ ժամը 19:00-ին, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում սպասվում է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվելու է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն: