Վկայի՝ մինչդատական վարույթում կամ դատարանում նախկինում տված ցուցմունքը կարող է հրապարակվել նաև այն դեպքում, երբ վկան դատարան չի ներկայանում այնպիսի պատճառներով, որոնք օբյեկտիվորեն բացառում են նրա ներկայանալու հնարավորությունը։ Iravaban.net-ը ուսումնասիրել է հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկվում է լրացում կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածում՝ որպես վկայի նախկինում տված ցուցմունքի հրապարակման առանձին հիմք նախատեսելով այն դեպքը, երբ «վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը»։
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունն անհրաժեշտ է այն դեպքերի համար, երբ դատարանը, նույնիսկ բոլոր անհրաժեշտ և ողջամիտ միջոցները ձեռնարկելուց հետո, չի կարողանում ապահովել վկայի մասնակցությունը դատական քննությանը, իսկ նրա նախկին ցուցմունքը չօգտագործելու դեպքում կարող է փաստացի կորցվել կարևոր ապացույցը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վկայի ցուցմունքը քրեական վարույթում ապացույց է։ Միաժամանակ, Քրեական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ կարող է հրապարակվել մինչդատական վարույթում կամ դատարանում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ տրված ցուցմունքը։
Գործող կարգավորմամբ ցուցմունքի հրապարակումը, մասնավորապես, հնարավոր է, երբ՝
- մինչդատական վարույթում անձի ցուցմունքը դեպոնացվել է,
- առկա է էական հակասություն անձի՝ դատարանում և նախկինում տված ցուցմունքների միջև,
- մեղադրյալը օգտվել է իր սահմանադրական իրավունքից և դատարանում ցուցմունք տալու ցանկություն չի հայտնել,
- վկան կամ տուժողը դատարանի առջև ոչ իրավաչափորեն հրաժարվել է ցուցմունք տալուց,
- կողմերը համաձայն են վկայի կամ փորձագետի ցուցմունքը հրապարակել առանց նրանց դատարան կանչելու,
- անձը մահացել է կամ կորցրել է հաղորդակցվելու ունակությունը և առկա են օրենքով նախատեսված համապատասխան պայմանները,
- կամ առկա է օրենքով նախատեսված այլ հիմք։
Սակայն գործող կարգավորմամբ առանձին և հստակ հիմք նախատեսված չէ այն իրավիճակի համար, երբ վկան ֆիզիկապես կամ իրավականորեն չի կարող ներկայանալ դատարան, և նրա բացակայությունը պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքով։
Ի՞նչ խնդիր է առաջանում գործնականում
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դատարաններում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ վկայի ներկայությունն ապահովելու համար դատարանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ և ողջամիտ միջոցները, սակայն դրանք արդյունք չեն տալիս։ Օրինակ՝ դատաքննության ընթացքում վկան կարող է լքել Հայաստանի Հանրապետությունը, իսկ նրա գտնվելու վայրը կամ հասցեն կարող է անհայտ լինել։ Այս դեպքում դատարանը կարող է նույնիսկ չունենալ հնարավորություն օգտագործելու միջազգային իրավական փոխօգնության մեխանիզմները՝ վկային հայտնաբերելու և հարցաքննելու համար։
Ստացվում է իրավիճակ, երբ վկան նախկինում ցուցմունք է տվել, սակայն դատարանում նրան հարցաքննել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, այդ ցուցմունքը կարող էր մինչդատական փուլում չդեպոնացվել, քանի որ այդ պահին կարող էր ընդհանրապես չլինել որևէ հիմք ենթադրելու, որ ապագայում վկայի ներկայությունն անհնար կլինի։ Օրինակ՝ վկան կարող էր մինչդատական վարույթի ընթացքում չհայտնել Հայաստանից հեռանալու մտադրության մասին։
Այսպիսով՝ առաջանում է երկակի խնդիր․ մի կողմից՝ կա արդեն իսկ ձեռք բերված հնարավոր կարևոր ապացույց, որը կարող է կորցվել, մյուս կողմից՝ այդ ապացույցը դատարանում անմիջականորեն ստուգելու և վկային հարցաքննելու հնարավորություն չկա։
Ի՞նչ է առաջարկվում
Նախագծով առաջարկվում է այս իրավիճակի համար ստեղծել առանձին իրավական հիմք։ Քրեական դատավարության օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսվում է լրացնել նոր՝ 4.2-րդ կետով։ Դրանով ցուցմունքի հրապարակումը կարող է թույլատրվել, եթե վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը։ Սակայն սա չի նշանակում, որ վկայի չներկայանալը ինքնաբերաբար կհանգեցնի նրա նախկին ցուցմունքի հրապարակմանը։
Դատարանը նախ պետք է փորձի ապահովել վկայի ներկայությունը
Նախագծի կարևոր առանձնահատկությունն այն է, որ նախկին ցուցմունքի հրապարակումը նախատեսվում է որպես ոչ թե առաջին, այլ վերջին միջոց։ Դատարանը նախ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցները՝ վկայի ներկայությունն ապահովելու համար։ Միայն այն դեպքում, երբ այդ միջոցներն արդյունք չեն տալիս, պետք է գնահատվի՝
- ինչ պատճառով է վկան բացակայում,
- արդյոք այդ պատճառը իրականում բացառում է նրա ներկայանալը,
- արդյոք հնարավոր է վկային հարցաքննել այլ իրավական մեխանիզմներով,
- արդյոք անհրաժեշտ է հրապարակել նախկին ցուցմունքը,
- և արդյոք այդ հրապարակումը չի խախտի քրեական վարույթի արդարացիությունը։
Այսինքն՝ առաջարկվող փոփոխությունը դատարանին չի տալիս պարզապես նախկին ցուցմունքը հրապարակելու ավտոմատ հնարավորություն։
Նախագծի ամենազգայուն հարցերից մեկն է, թե ի՞նչ է լինելու մեղադրյալի պաշտպանության իրավունքի հետ։
Վկայի նախկին ցուցմունքի հրապարակումը կարող է խնդիր առաջացնել մեղադրյալի համար, քանի որ նա կարող է զրկվել այդ վկային դատարանում հարցեր ուղղելու և նրա ցուցմունքի հավաստիությունը անմիջականորեն ստուգելու հնարավորությունից։ Հենց այդ պատճառով նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներին։
Ի՞նչ է ասում ՄԻԵԴ-ը
Նախագծում հղում է կատարվում ՄԻԵԴ-ի «Ալ-Քավայան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճռին։ Եվրոպական դատարանի մոտեցմամբ՝ որպես ընդհանուր կանոն, վկաները պետք է ցուցմունք տան դատարանում, իսկ դատարանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ նրանց ներկայությունն ապահովելու համար։ Վկայի չներկայանալու դեպքում նրա նախկին ցուցմունքի օգտագործումը պետք է դիտարկվի զգուշությամբ։ Հատկապես կարևոր է, թե արդյոք մեղադրյալը վարույթի որևէ փուլում ունեցել է այդ վկային հարցաքննելու հնարավորություն։
Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ վկան բացակայում է։ Պետք է նաև գնահատել՝ մեղադրյալն ինչ հնարավորություն է ունեցել վիճարկելու այդ վկայի ցուցմունքը։ ՄԻԵԴ-ի դիրքորոշման կարևոր բաղադրիչներից է «միակ կամ վճռորոշ ցուցմունքի» սկզբունքը։
Եթե անձը դատապարտվում է բացառապես կամ հիմնականում այն վկայի ցուցմունքի հիման վրա, որին մեղադրյալը չի կարողացել հարցաքննել, ապա կարող է առաջանալ պաշտպանության իրավունքի լուրջ խնդիր։ Սակայն դա չի նշանակում, որ չներկայացած վկայի ցուցմունքը ցանկացած դեպքում պետք է բացառվի։ Դատարանը պետք է ուսումնասիրի ամբողջ ապացուցողական համակարգը։ Եթե վկայի նախկին ցուցմունքը հաստատվում է այլ, անկախ և հավաստի ապացույցներով, ապա դրա՝ գործի ելքի համար վճռորոշ լինելու հավանականությունը նվազում է։
Այլ կերպ ասած՝ որքան ուժեղ են մյուս ապացույցները, այնքան փոքր է հավանականությունը, որ չներկայացած վկայի ցուցմունքը դատարանի կողմից կգնահատվի որպես միակ կամ վճռորոշ ապացույց։
Եթե չներկայացած վկայի ցուցմունքը գործի համար ունի առանցքային նշանակություն, դատարանը պետք է հատկապես մանրամասն ուսումնասիրի այդ ցուցմունքի օգտագործման հարցը։ Պետք է լինեն բավարար հակակշռող դատավարական երաշխիքներ, որոնք թույլ կտան գնահատել ցուցմունքի հավաստիությունը։ Այսինքն՝ դատարանը պետք է ոչ միայն հարցնի՝ «կարո՞ղ ենք հրապարակել այս ցուցմունքը», այլ նաև՝ «ինչպե՞ս ենք ապահովելու, որ դրա օգտագործումը չդառնա մեղադրյալի պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակում»։
Նախագծի հեղինակները փոփոխության անհրաժեշտությունը կապում են նաև քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման հետ։ Եթե վկայի ներկայությունն օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել, նրա հայտնվելու սպասումը կարող է հանգեցնել դատական քննության անհարկի ձգձգման։
Նախագծի տրամաբանությամբ՝ եթե դատարանը համոզվում է, որ վկայի ներկայությունն ապահովելու բոլոր ողջամիտ միջոցներն սպառվել են, իսկ նրա նախկին ցուցմունքի օգտագործումը կարող է թույլատրելի լինել՝ պահպանելով պաշտպանության իրավունքի անհրաժեշտ երաշխիքները, ապա դատաքննությունը կարող է շարունակվել՝ առանց անորոշ ժամանակով հետաձգվելու։
Փոփոխության ընդունման դեպքում Քրեական դատավարության օրենսգրքում կավելանա վկայի նախկին ցուցմունքի հրապարակման նոր հիմք։
Այսպիսով, նախագիծը միաժամանակ փորձում է լուծել երկու խնդիր՝ չկորցնել քրեական վարույթի համար կարևոր ապացույցը և չխախտել մեղադրյալի՝ արդար դատաքննության ու պաշտպանության իրավունքը։
Նախագծի ընդունումը նախատեսվում է նաև որպես 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող քայլ՝ նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում ի հայտ եկած գործնական խնդիրները վերացնելու նպատակով։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։