Քրեական վարույթի բոլոր փուլերում միջամտությունը կարող է հստակորեն քրեականացվել․ առաջարկվում է փոփոխել Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածը

Iravaban.net-ը ուսումնասիրել է հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Արդարադատութան նախարարությունը նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածում՝ «քննությունը» բառը փոխարինելով «քննությանը կամ վարույթին» բառերով։

Նախաձեռնության հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենսդրության մեջ առկա ձևակերպման անհամապատասխանությամբ, որի հետևանքով մինչդատական վարույթի փուլում որոշակի միջամտությունների քրեաիրավական պաշտպանության հարցը կարող է հստակ կարգավորված չլինել։

Ի՞նչ է նախատեսում գործող օրենքը

Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը, ինչպես նաև գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։

Նախագծով առաջարկվում է այս դրույթում «գործի քննությունը» հասկացությունը լրացնել «վարույթ» եզրույթով։

Այսինքն՝ խոսքը ոչ թե նոր հանցակազմ սահմանելու, այլ գործող քրեաիրավական պաշտպանության շրջանակը հստակեցնելու մասին է։

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «քրեական վարույթը» առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող ընթացակարգն է։ Այն դրսևորվում է վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ։

Միաժամանակ, «քրեական գործը» դատարան հանձնված և դատարանում կազմված վարույթի նյութերն են։ Այս տարբերակումը կարևոր է, քանի որ քրեական վարույթը սկսվում է ավելի վաղ, քան քրեական գործը դատարան ուղարկելը։ Հետևաբար, գործող 486-րդ հոդվածում «գործի քննություն» ձևակերպման օգտագործումը կարող է հարց առաջացնել՝ արդյո՞ք այդ նորմը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ միջամտությունը տեղի է ունենում մինչդատական վարույթի ընթացքում։

Ի՞նչ փոփոխություն է արդեն կատարվել նմանատիպ խնդրի դեպքում

Նախագծի հիմնավորման մեջ որպես օրինակ նշվում է Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածը։

Մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող կարգավորմամբ քրեական պատասխանատվություն էր նախատեսվում քաղաքացիական, վարչական կամ քրեական գործով կամ վարչական վարույթով ապացույցների, բացատրությունների կամ դատավարական փաստաթղթերի կեղծման, փոփոխման, ոչնչացման կամ թաքցնելու, ինչպես նաև կեղծ ապացույց ներկայացնելու համար։

2024 թվականին այդ դրույթը փոփոխվել է, և համապատասխան հանցակազմում հստակ ներառվել է նաև քրեական վարույթը։ Փոփոխության հիմնավորման համաձայն՝ նախկին ձևակերպման պայմաններում քրեական վարույթով ապացույց կեղծելու դեպքում համապատասխան հանցակազմը կարող էր բացակայել, քանի որ օրենքում օգտագործվում էր «քրեական գործ» եզրույթը։ Այսպիսով, 479-րդ հոդվածի փոփոխությամբ օրենսդրական կարգավորումը համապատասխանեցվել է Քրեական դատավարության օրենսգրքում օգտագործվող «քրեական վարույթ» հասկացությանը։

Ի՞նչ խնդիր է առաջացել 486-րդ հոդվածի դեպքում

Նախագծի հեղինակները նշում են, որ 479-րդ հոդվածում կատարված փոփոխությունից հետո նույն տրամաբանությամբ փոփոխություն չի կատարվել 486-րդ հոդվածում։ Արդյունքում տարբեր հոդվածներում օգտագործվում են միմյանցից տարբերվող ձևակերպումներ, թեև դրանք վերաբերում են քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործընթացներին։ Նախագծով առաջարկվում է այդ անհամապատասխանությունը վերացնել՝ 486-րդ հոդվածում նույնպես հստակ ամրագրելով «վարույթ» եզրույթը։

Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ փոփոխությունը

Փոփոխության ընդունման դեպքում քրեաիրավական պաշտպանության շրջանակը հստակորեն կներառի ոչ միայն արդեն դատարան ներկայացված քրեական գործի քննությանը, այլև քրեական վարույթի ավելի վաղ փուլերում համապատասխան անձանց գործունեությանը ապօրինի միջամտելու դեպքերը։

Այսպիսով, եթե անձը նպատակաուղղված կերպով փորձում է խոչընդոտել դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը, իրավական գնահատման հարցում այլևս ավելի հստակ կարտացոլվի նաև այն հանգամանքը, որ միջամտությունը կարող է տեղի ունենալ ոչ միայն դատարանում գործի քննության փուլում, այլև մինչդատական վարույթի շրջանակում։

Ի՞նչ նպատակ է հետապնդում նախագիծը

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխության նպատակն է ապահովել իրավական կարգավորման ամբողջականությունը, միասնականությունը և քրեական գործի (վարույթի) բոլոր փուլերում համապատասխան անձանց գործունեության նկատմամբ ապօրինի միջամտության դեպքում համարժեք քրեաիրավական պաշտպանությունը։

Նախագծի ընդունումը կապվում է նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության հետ, որի շրջանակում նախատեսված է նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման մշտադիտարկում և գործնականում առաջացող խնդիրների բացահայտում։ Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Այսպիսով, գործող կարգավորման մեջ օգտագործվում է «գործի քննությանը միջամտել» ձևակերպումը։ Նախագծով առաջարկվում է այն դարձնել «գործի քննությանը կամ վարույթին միջամտել»՝ հստակեցնելով, որ համապատասխան քրեաիրավական պաշտպանությունը վերաբերում է նաև քրեական վարույթի մինչդատական փուլին։

Leave a Comment