Հայաստան մտնող գազի ճանապարհն առաջիկայում կարող է անցնել նաև Ադրբեջանով։ Խաղաղության գործընթացի հնարավոր հաջորդ քայլերին զուգահեռ Երևանում արդեն խոսվում է ոչ միայն քաղաքական, այլև էներգետիկ նոր կապերի մասին։ Ադրբեջանից Հայաստան գազի ներկրումը դեռ պայմանավորվածություն չէ և այս պահին ավելի շատ հնարավոր սցենար է, սակայն ուշագրավ է, որ այդ տարբերակը հրապարակային դաշտում ներկայացվում է հենց այն ժամանակ, երբ Մոսկվայից նոր ազդակներ են հնչում Հայաստանի համար գործող արտոնյալ գազի գնի վերանայման վերաբերյալ։ Ի՞նչ կարող է փոխվել Հայաստանի գազային շուկայում, և ի՞նչ կլինի ռուսական գազի պայմանների հետ, եթե դրանց վերանայման հարցն առաջիկայում դրվի սեղանին։
Ազգային ժողովում «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը չբացառեց՝ Հայաստանը կարող է բնական գազ ներկրել Ադրբեջանից։ Առավել իրատեսական է հեղուկ գազի ներկրումը։
«Ադրբեջանի հետ այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր տնտեսական տարբեր և էներգետիկ հարաբերությունների քննարկումներ։ Ես չգիտեմ՝ կոնկրետ գազի մատակարարման հարցով ո՞ւր ենք մենք հասել, բայց դա բացառված սցենար չէ»։

Խանդանյանի հայտարարությունը հնչում է Հայաստանի համար ռուսական գազի, այսպես ասենք, արտոնյալ գնի հնարավոր վերանայման շուրջ Մոսկվայից եկող նոր ազդակների ֆոնին։ Դրան զուգահեռ՝ պաշտոնական Երևանը խոսում է գազի աղբյուրների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Տարածաշրջանային փակ սահմանների պայմաններում Հայաստանի գազային հիմնական ուղղությունները եղել են Ռուսաստանն ու Իրանը։ Խաղաղության հնարավոր հաստատումից հետո, սակայն, այդ ցանկը կարող է ընդլայնվել՝ ներառելով նաև Ադրբեջանը և այլ ուղղություններ։
Խանդանյանը մատնանշում է մեկ այլ հնարավոր ուղղություն՝ TRIPP-ի շրջանակում Հայաստանի տարածքով նախատեսվող գազամուղը։
«TRIPP-ը ևս գազամուղի է վերա բերում, այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP-ի շրջանակներում գազամուղ, և սա, գուցե, ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից։ Իհարկե, սա շատ տեսական միտք է, որ ես հիմա, այս պահին արտահայտում եմ, բայց սա բարդ չէ գործնականում իրականացնել»։
Հայաստանի, այսպես ասենք, գազային քարտեզի վերափոխման մասին խոսելիս հարցը միայն նոր մատակարարներին չի վերաբերում։ Կարող են բացվել նաև մինչև այժմ փակված ենթակառուցվածքները և ճանապարհները։ Ու այստեղ արդեն կրկին առաջ են գալիս Ռուսաստանի հետ կապված հարցերը։
Հայաստանը ռուսական գազից հրաժարվելու մասին չի հայտարարել։ Խանդանյանն ասաց՝ իրեն ծանոթ չէ որևէ հայտարարություն, որը հիմք կտար մտածելու, թե գազի սակագինը կարող է փոխվել։ Սակայն Մոսկվայից վերջին ամիսներին նման ազդակներ հնչել են Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումներից մեկին։ ՌԴ նախագահն ակնարկով էր խոսել Հայաստանի համար սահմանված արտոնյալ գնի մասին, իսկ հետագայում Կրեմլից հնչեցին հայտարարություններ, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների փոփոխությունը կարող է ազդել նաև այդ արտոնյալ պայմանների վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. «Ինչ վերաբերում է էներգետիկային։ Հույս ունեմ, որ այստեղ էլ իրավիճակը կկարգավորվի։ Սակայն Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։ Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Իհարկե, մենք համագործակցում ենք նաև էներգետիկայի ոլորտում, և այստեղ նույնպես ունենք ավանդաբար ուժեղ կապեր և համագործակցություն։ Պետք է ասեմ, որ մենք այժմ շատ սերտ աշխատում ենք ռուսական կողմի հետ՝ նոր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար, նկատի ունեմ էներգետիկայի նոր տեխնոլոգիաները, որովհետև Հայաստանում շատ լավ են զարգանում էներգետիկայի նոր տեխնոլոգիաները՝ արևային էներգետիկան և այլն»։
Ռուսական գազի ներկայիս սակագինը սահմանող համաձայնագիրը գործում է մինչև այս տարեվերջ։ Այսինքն՝ գնի վերանայման հարցը կարող է հատկապես արդիական դառնալ առաջիկա ամիսներին։ Այս պահին Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանին 1000 խմ-ի դիմաց 165 դոլար է։ Այս գինը գործում է 2019 թվականից, երբ այն 150 դոլարից բարձրացվեց 165-ի։ Դրանից հետո այն, առնվազն հրապարակային պայմանավորվածություններով, չի փոխվել։ Բայց Հայաստանի համար հարցը միայն գազի գինը չէ, այլև՝ որքան մեծ է ռուսական գազից կախվածությունը։
Անցյալ տարի Հայաստանին մատակարարվել է մոտ 2.7 միլիարդ խմ բնական գազ, որից 2.23 միլիարդը՝ Ռուսաստանից, իսկ շուրջ 476 միլիոնը՝ Իրանից։ Այսինքն՝ Հայաստան ներկրված գազի մոտ 82 տոկոսը ռուսական է եղել։ Հայաստանն ու հարևան Իրանը տեխնիկական հնարավորություններ ունեն մեծացնելու «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով փոխանակվող գազի և էլեկտրաէներգիայի ծավալները։ Ծրագրի ընդլայնում դեռ չի նախանշվում, դա կքննարկվի ստեղծվելիք աշխատանքային խմբի շրջանակում՝ վերջերս Իրան այցից հետո լրագրողներին ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն։ Մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով այս պահին հոսող գազն է»։
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Հանրային ռադիոյի եթերում ընդգծել է Իրանի հետաքրքրվածությունը՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու հարցում։
«Երբ հաշվում էի 1,5 մ շառավղով գազատար ունենալու դեպքում, եթե Մեղրիից մինչև Բավրրա մոտավորապես 600 կմ է, եթե գնում է դեպի Վրաստան և էնտեղ Սև ծով և Եվրոպա։ Ըստ հաշվարկի, մոտավորապես 6-700 միլիոն, հիմա վստահ եմ՝ միլիարդից ավելի, միայն տարանցման մաքուր փող։ Դու ոչ բան չես անում, բերում են, կառուցում են, գազը քո տարածքով գնում է, այդքան փող են տալիս քեզ։ Էլ չեմ խոսում, դու արդեն գազի խնդիր չես ունենում, երբ կուզես, որտեղից կուզես, կմտնես, ինչքան գազ պետք է կօգտագործես։ Այս միլիարդի փոխարեն, ասենք, կտան քեզ 600 միլիոն, մյուս 400 միլիոնն էլ դու ձրի գազ կստանաս»։
Հայաստան մատակարարված գազի շուրջ 82 տոկոսը Ռուսաստանից է եկել։ Այս ֆոնին նոր ուղղությունների քննարկումը ուղիղ կերպով չի նշանակում, որ ռուսական գազը փոխարինվելու է, նշանակում է՝ Հայաստանի համար մեկ աղբյուրից կախվածությունը նվազեցնելն աստիճանաբար դառնում է տարածաշրջանային նոր հնարավորությունների հարց՝ Ադրբեջանը՝ որպես հնարավոր նոր մատակարար, Իրանը՝ որպես ընդլայնվող ուղղություն, TRIPP-ի հնարավոր գազամուղը՝ որպես ապագա ենթակառուցվածք։ Հնարավոր շուկա է դիտարկվում նաև Իրաքը։