ԲԴԽ-ն ավարտեց Արմեն Ներսիսյանի կարգապահական գործի քննությունը

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 10-ին ավարտեց Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը։ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցը ԲԴԽ-ին միջնորդել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել երեք արարքի համար։ Արմեն Ներսիսյանը մեղադրանքները չի ընդունում և պնդում է, որ իր բոլոր գործողություններն իրականացրել է օրենքի շրջանակում։ Iravaban.net-ը տեղեկաանում է ԲԴԽ-ից։

Գործը վերաբերում է «Բիոկաթ» ընկերության հայցով Վարչական դատարանում քննված վեճին, որի մյուս կողմը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն է։ Դատավոր Արմեն Ներսիսյանը 2025 թվականի օգոստոսի 28-ին բավարարել էր ընկերության ներկայացրած՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Դրանով հանձնաժողովին արգելվել էր կատարել այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով կարող էր խոչընդոտվել ընկերության կողմից տվյալ մակնշմամբ ապրանքների իրացումը։ Հետագայում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դատարանից խնդրել էր պարզաբանել կատարողական թերթի պահանջները։ Նախարարության պնդմամբ՝ այդ դիմումը դատարանը պետք է քննարկեր 10-օրյա ժամկետում, սակայն դատավորն այն քննել է միայն 2026 թվականի ապրիլի 9-ին։

ԲԴԽ նիստում Տիգրան Դադունցը ներկայացրեց կարգապահական միջնորդության հիմքերը։ Դատավորին վերագրվում է երեք արարք՝ հայցի ապահովման այնպիսի միջոց կիրառելը, որը, նախարարության գնահատմամբ, տրամաբանական կապ չի ունեցել հայցի առարկայի հետ և չի բխել հայցի ապահովման ինստիտուտի նպատակից, կատարողական թերթի պարզաբանման վերաբերյալ դիմումին օրենքով սահմանված ժամկետում չանդրադառնալը և պարզաբանման որոշմամբ հայցի ապահովման սկզբնական սահմանները ընդլայնելը։

Նախարարության գնահատմամբ՝ խնդրահարույց է եղել այն, որ ընկերությունը դատարանից պահանջել էր հանձնաժողովի կոնկրետ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, մինչդեռ դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցը վերաբերում էր հանձնաժողովի ապագայում իրականացվելիք գործողությունների ավելի լայն շրջանակի։ Դադունցի խոսքով՝ այդ ձևակերպման արդյունքում հանձնաժողովը կարող էր սահմանափակվել նաև նույն ընկերության վերաբերյալ հետագա վարչական վարույթների շրջանակում։

«Խոսքը ցանկացած գործողության իրականացման արգելքի մասին է»,– նիստում նշեց Դադունցը՝ պնդելով, որ սահմանափակումը կարող էր տարածվել նաև ապագայում ընկերության վերաբերյալ նոր վարչական վարույթների ընթացքում հանձնաժողովի գործողությունների վրա։

Կարգապահական վարույթի առանցքային հարցերից մեկը վերաբերում է 2026 թվականի ապրիլի 9-ի պարզաբանման որոշմանը։ Նախարարության ներկայացուցչի պնդմամբ՝ սկզբնական որոշմամբ հանձնաժողովին արգելվել էր կատարել այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով կարող էր խոչընդոտվել ընկերության կողմից տվյալ մակնշմամբ ապրանքների իրացումը, մինչդեռ պարզաբանման որոշմամբ դատարանը լրացուցիչ սահմանափակումներ էր ձևակերպել։ Դրանք, ըստ նախարարության, վերաբերում էին նաև տնտեսվարող սուբյեկտներին վարչական վարույթների մասին գրություններ ուղարկելուն և ընկերությանը հնարավոր խախտումները շտկելու հանձնարարություններ տալուն։ Տիգրան Դադունցի գնահատմամբ՝ այս դեպքում դատական ակտը ոչ թե պարզաբանվել, այլ դրա սահմանափակումների շրջանակն է ընդլայնվել։

Արմեն Ներսիսյանը, սակայն, պնդեց հակառակը։ Նրա խոսքով՝ պարզաբանման որոշմամբ որևէ նոր արգելք չի սահմանվել։ «Նոր դրույթներ չի ավելացվել։ Եթե ինչ-ինչ նախադասություններ ավելացվել են, դա բխում է պարզաբանման էությունից։ Երբ պարզաբանում ես ակտը, բնականաբար ավելացնում ես բազմաթիվ նախադասություններ, որպեսզի հասկանալի լինի, թե նախորդ ակտը ինչի մասին էր»,– հայտարարեց դատավորը։

Գործի մյուս առանցքային հարցը ԴԱՀԿ ծառայության դիմումի քննարկման ժամկետն է։ Ծառայությունը դիմումը ներկայացրել էր 2025 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ դատավորը դրան անդրադարձել է 2026 թվականի ապրիլի 9-ին։ Նախարարության ներկայացուցիչը դա գնահատեց որպես օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետի էական խախտում։

Ներսիսյանի բացատրությամբ՝ ԴԱՀԿ ծառայության առաջին դիմումը պատշաճ կերպով ներկայացված չի եղել։ Այն ներկայացվել էր էլեկտրոնային համակարգով, սակայն կից փաստաթղթերը նույն եղանակով չէին ներկայացվել։ ԴԱՀԿ ծառայությունը, ըստ դատավորի, նշել էր, որ դրանք պատրաստվում է ներկայացնել դատական նիստի ժամանակ։ Դատավորի խոսքով՝ դատարանը նման դիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ առանց քննության թողնելու համապատասխան դատավարական գործիքակազմ չի ունեցել։ Ներսիսյանը ստեղծված իրավիճակը բնորոշել է որպես «թույլատրելի անգործություն» կամ «որակյալ լռություն»։

«Ես չունեմ այլ գործիքակազմ։ Սպասել եմ, որպեսզի հարկադիր կատարողը հաղթահարի վարչական դատարանի գրասենյակի պրակտիկան և բերի պատշաճ դիմում»,– ասաց նա։

Նիստում հարց բարձրացվեց, թե եթե առաջին դիմումը պատշաճ չէր ներկայացվել, ինչու դատարանը դրան, այնուամենայնիվ, անդրադարձավ ամիսներ անց։ Ներսիսյանի խոսքով՝ 2026 թվականի հունվարի 21-ին ԴԱՀԿ ծառայությունը երկրորդ դիմումն է ներկայացրել՝ հարցնելով, թե ինչ է տեղի ունեցել 2025 թվականի սեպտեմբերին ներկայացված առաջին դիմումի հետ։ Դատավորի պնդմամբ՝ հենց այդ դիմումից դատարանը հասկացել է, որ ԴԱՀԿ ծառայությունը չի կարողացել հաղթահարել առաջին դիմումի ներկայացման հետ կապված խնդիրը։

Դրանից հետո, ըստ դատավորի, առաջացել է նաև օրենսդրական խնդիր։ Նա նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել «Կատարողական վարույթի մասին» օրենքը, մինչդեռ նախկին՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը այլևս չէր գործում։ Ներսիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նա լուծել է օրենքի անալոգիայի կիրառմամբ։ Դատավորը պնդել է, որ եթե երկրորդ դիմումն ավելի շուտ ներկայացվեր, դատարանն էլ ավելի շուտ կանդրադառնար հարցին։

ԲԴԽ նիստում քննարկվեց նաև այն հարցը, թե ինչու էր ընդհանրապես անհրաժեշտ նման հայցի ապահովման միջոց կիրառել։

Նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ ընկերության հայցը ճանաչման հայց էր, իսկ վիճարկվող գործողությունը՝ տնտեսվարող սուբյեկտներին վարչական վարույթի մասին գրություններ ուղարկելը, արդեն կատարված և սպառված գործողություն էր։ Այդ պայմաններում, ըստ նախարարության, անհասկանալի էր, թե ինչ ապագա դատական ակտի կատարման վտանգ էր կանխելու դատարանի կիրառած հայցի ապահովումը։

Ներսիսյանը համաձայնեց, որ գրությունների ուղարկման գործողությունն արդեն կատարված էր, սակայն նշել է, որ առկա էր նույնատիպ գործողությունների կրկնության վտանգ։ Նրա խոսքով՝ եթե հանձնաժողովը հետագայում կրկին նման գրություններ ուղարկեր, ընկերության իրավունքները կարող էին կրկին խախտվել։ Դատավորը նաև ընդգծեց, որ դատարանը հայցի ապահովման հարցը լուծելիս չի կարող առաջնորդվել այն հանգամանքով, թե պետական մարմինն ինչ նշանակություն ունի պետական իշխանության համակարգում։ «Հայցի ապահովման ինստիտուտի էությունն այն է, որ կասեցվի պետական իշխանության գործառույթը, եթե դրանք խոչընդոտում են քաղաքացու իրավունքներին»,– նշեցՆերսիսյանը։

Նիստում քննարկվեց նաև հայցի ապահովման վերացման և դրա հետագա պարզաբանման ժամանակագրությունը։ 2025 թվականի օգոստոսի 28-ին դատավորը կիրառել էր հայցի ապահովումը, սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ ծառայությունը դիմել էր պարզաբանման համար, իսկ սեպտեմբերի 17-ին դատարանը որոշում էր կայացրել հայցի ապահովումը վերացնելու մասին։ Այդ որոշման դեմ բողոքարկումները շարունակվել էին։ Նիստում հնչած տեղեկության համաձայն՝ Վճռաբեկ դատարանը 2026 թվականի մայիսին վերացրել էր հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը։ Միևնույն ժամանակ, պարզաբանման վերաբերյալ դատական ակտը կայացվել էր 2026 թվականի ապրիլի 9-ին՝ այն ժամանակ, երբ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը դեռևս վերջնական ուժի մեջ չէր մտել։

Ներսիսյանի խոսքով՝ քանի դեռ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերջնական ուժի մեջ չէր մտել, նախնական հայցի ապահովման որոշումը շարունակում էր գործել, և դրա պարզաբանման անհրաժեշտությունը պահպանվում էր։ Դատավորը նաև պնդեց, որ հայցի ապահովման կիրառման հետևանքով որևէ բացասական հետևանք չի առաջացել։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը կարող էր կամավոր կատարել հայցի ապահովման մասին որոշումը, իսկ հարկադիր կատարման անհրաժեշտություն առաջանում է միայն այն դեպքում, երբ որոշումը չի կատարվում։ Ներսիսյանը նշել է նաև, որ հանձնաժողովը կարող էր առնվազն այն մասով կատարել որոշումը, որն իր համար հասկանալի էր։

Եզրափակիչ ելույթում Տիգրան Դադունցը գործը ներկայացրեց ոչ միայն կոնկրետ դատավորի վարքագծի, այլև դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ գործի քննությունից հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ հնարավոր է կիրառել հայցի ապահովման միջոց, որը կապ չունի հայցի առարկայի հետ, այնուհետև վերացնել այն, դատական ակտի պարզաբանմամբ ընդլայնել սահմանափակումները և ամիսներ շարունակ չանդրադառնալ պարզաբանման դիմումին։ «Նման դրսևորումները մեր արդարադատությունում ընդունելի դրսևորումներ չեն»,– հայտարարեց Դադունցը։

Նրա գնահատմամբ՝ նման վարքագիծը կարող է վարկաբեկել դատական իշխանությունը և նվազեցնել հանրության վստահությունը դատարանների անկախության ու անաչառության նկատմամբ։ Նախարարության ներկայացուցիչը կրկին խնդրել է բավարարել հուլիսի 1-ի միջնորդությունը և Արմեն Ներսիսյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։

Արմեն Ներսիսյանը եզրափակիչ ելույթից հրաժարվեց, սակայն հայտնեց իր վերջնական դիրքորոշումը։ Նա վերահաստատեց նախկինում ներկայացրած բացատրությունները և հայտարարեց, որ դրանցից չի հրաժարվում։ Դատավորի դիրքորոշումն այն է, որ իր կողմից կատարված բոլոր գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակում։

Այսպիսսով ԲԴԽ-ն արձանագրեց, որ գործի քննությունն ավարտված է։ Դատական ակտի հրապարակումը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 10:50-ին։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի պաշտոնական տվյալներով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր 2026 թվականի մայիսի 26-ին, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը Խորհուրդ էր ներկայացվել հուլիսի 1-ին։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment