Պայթուցիկ դրոն՝ ուկրաինական օդանավի մոտ․ Գերմանիայում շրջանառվում է ռուսական սպառնալիքի վարկածը

Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»

Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերված պայթուցիկով լի դրոնը Գերմանիայում վտանգի նոր ահազանգ է դարձել։ Մինչ հետաքննությունը փորձում է պարզել, թե ում է պատկանում թռչող սարքը, գերմանական մամուլում արդեն քննարկվում է, որ սա Ռուսաստանի հիբրիդային գործողությունների նոր փուլ է։

«Լայպցիգ-Հալլե» օդանավակայանում հայտնաբերված դրոնը ոչ միայն անվտանգության սպառնալիք է դարձել, այլև նոր բանավեճերի առիթ։ Պայթուցիկով և պայթուցիչով սարքավորված անօդաչու սարքը հայտնաբերվել է ուկրաինական բեռնատար օդանավի մոտ։

Դեռևս պարզ չէ, թե ում է պատկանում դրոնը, սակայն գերմանական մամուլը այդ միջադեպն արդեն  դիտարկում է  որպես Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքի հերթական դրսևորում։

Դեպքը կրկին հարց է առաջ քաշում՝ որքանո՞վ են պաշտպանված Եվրոպայի կարևոր ենթակառուցվածքները, և արդյո՞ք Գերմանիան պատրաստ է նոր սպառնալիքներին։

Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգ» պարբերականը գրում է՝ այս միջադեպը կարող էր ավարտվել աղետով։ Լրատվամիջոցի գնահատմամբ՝ նույնիսկ եթե հետաքննությունը դեռ չի պարզել մեղավորներին, տեղի ունեցածը ցույց է տալիս, որ սպառնալիքների բնույթը փոխվում է։Մեջբերում․

«Մինչև այժմ ավիացիայի ոլորտում խոսքը հիմնականում ինքնաթիռների վրա տեղադրվող հրկիզող սարքերի մասին էր։ Այժմ մենք գործ ունենք բացահայտ հարձակման հետ։ Գերմանիան, սակայն, դրան չափազանց թեթև է վերաբերվում»։

Ուշագրավ է , որ գերմանական մամուլում Լայպցիգի դեպքը դիտարկվում է ավելի լայն համատեքստում՝ որպես դիվերսիաների, կիբերհարձակումների, ապատեղեկատվության և այլ գործողությունների շարունակություն, որոնք հաճախ բնորոշվում են որպես հիբրիդային պատերազմ։

Միևնույն ժամանակ, Գերմանիայում հնչում են նաև ավելի զգուշավոր գնահատականներ։ Հանովերյան «Նոյե Պրեսե» թերթը ընդգծում է՝ խնդիրը միայն անպատրաստ լինելը չէ։ Գերմանիայում արդեն ստեղծվել է հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համատեղ կենտրոն, սակայն նման վտանգների ամբողջական կանխումը չափազանց բարդ խնդիր է։

«Վտանգները նույնքան բազմազան են, որքան կյանքն ինքնին։ Դրանք ամբողջությամբ վերացնելը անհնար  է»։

Թերթը նաև հիշեցնում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախկին հայտարարությունները, ըստ որոնց՝ երկիրն արդեն բախվում է Ռուսաստանի ոչ միայն ռազմական, այլև դիվերսիոն, տեղեկատվական գործողությունների ազդեցությանը։

Լայպցիգի միջադեպի նկատմամբ ուշադրությունն ավելի է մեծացել նաև այն պատճառով, որ օդանավակայանը ծառայում է ոչ միայն քաղաքացիական, այլև ռազմական փոխադրումների։

Գերմանական «Զյուդդոյչե Ցայտունգ»ը գրում է՝ թեև պատասխանատուն դեռ հաստատված չէ, միջադեպի հանգամանքները մատնանշում են Ռուսաստանը։

«Եթե սա Պուտինի նոր քաղաքականությունն է, ապա Գերմանիան նույնպես ստիպված կլինի փոխելու իր մոտեցումը»։

Դրոնի հետ կապված դեպքը գերմանական մամուլում դիտարկվում է նաև որպես սպառնալիք ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի անվտանգությանը։

Տնտեսական «Հանդելսբլատ» պարբերականը գրում է օդանավի պայթյունի հնարավոր հետևանքների մասին։

«Եթե դրոնը հարվածեր ինքնաթիռին, դա կլիներ ոչ միայն հարված Ուկրաինային, այլ նաև ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքին, որի աջակցությունը Ռուսաստանը փորձում է թուլացնել»։

Պարբերականը կարծում է, որ եթե հաստատվի Ռուսաստանի մասնակցության վարկածը, Գերմանիան կարող է քննարկել ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածի կիրառումը։ Այն նախատեսում է դաշնակիցների խորհրդակցություններ, երբ որևէ երկիր համարում է, որ իր անվտանգությանը սպառնալիք է ստեղծվել։

Leave a Comment