Զգոն լինելու դեպքում հիվանդությունը կարելի է կանխել․ Գորիսում կաթվածի բուժման կենտրոն է բացվել

Առողջապահության նախարարության «Կաթվածի ազգային ծրագրով» Սյունիքի մարզում, Շիրակից հետո, կաթվածի բուժման կենտրոն է բացվել։ Գորիսի հայ-֊ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի կաթվածի ծառայության մասնագետները երկու ամսում վեց  հիվանդի են բուժել։ Նրանք վերադարձել են լիարժեք կյանքի՝ գրեթե առանց հաշմանդամության։ Բուժումը բոլորի համար պետպատվերի շրջանակում է։ Կաթվածի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 25 և բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր մարդկանցից  4-֊րդը կյանքի ընթացքում կաթված է ստանում։ Մասնագետները գտնում են, որ շատ դեպքերում կաթվածը հնարավոր է կանխարգելել` հսկելով ռիսկերը։

Գորիսի հայ-֊ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին ներկայացնում է կենտրոնի հնարավորությունները։ Մարզպետի տեղակալը ցանկություն է հայտնում՝ հետազոտվելու, սակայն բժիշկ Բաղդասարյանը կանխում է՝ եթե բժշկի ցուցում չկա, ուրեմն հետազոտվելու անհրաժեշտություն էլ  չկա։ Իսկ մեկ ամիս առաջ Գորիսի 54-ամյա բնակիչ Արտաշես Բաբայանին շտապ օգնության բժշկի ցուցումով տեղափոխել էին կենտրոն․

«Մեքենայի մեջ մի կողմս թուլացել ա, վատ եմ զգացել, գնացել եմ տուն պառկել։ Զգացել եմ, որ ընդհանրապես, լավ չեմ, զանգել ենք շտապ օգնություն, մի հատ դեղ են ներարկել, բերանս ծռված է եղել, մի կողմս թուլացած։ Հիմա փառք Աստծո, լավ եմ»։

Արտաշես Բաբայանն արդեն ինքնուրույն քայլում է, զբաղվում առօրյա գործերով։ Կատարվել է թրոմբոլիտիկ թերապիա, երբ բուժառուի երակից ներարկված հատուկ դեղորայքը քայքայում է խցանումը, վերաբացում գլխուղեղը սնուցող անոթը և վերականգնում արյան շրջանառությունը։

Կենտրոնում ասում են, որ բուժման մյուս մեթոդը մեխանիկական թրոմբէկտոմիան է։ Դա ներանոթային վիրահատություն է, որն արվում է թրոմբը հեռացնելու համար։  Կաթվածի ժամանակ անգամ մեկ րոպեն նշանակություն ունի մարդու առողջության լիարժեք վերականգնման և կյանքը փրկելու համար՝ ասում է Գորիսի հայ-ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնի կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանը․

«Իշեմիկ կաթվածի ժամանակակից բուժումները խիստ ժամանակից կախյալ են, այսինքն՝ պետք է իրականացվեն շատ կարճ ժամերի ընթացքում։ Ինչքան արագ, այնքան ավելի էֆեկտիվ ու քիչ բարդություններով։ Դրա համար Սյունիքում կաթվածի կենտրոնի հիմնումը շատ էական նշանակություն ունի իշեմիկ կաթվածի դեպքում բուժման լավագույն արդյունքներ ունենալու համար»։

Հանրապետության ամբողջ տարածքում կաթվածի բուժման կենտրոնների ցանց ստեղծելը կառավարության առաջնահերթություններից է՝ ասում է Հայաստանի կաթվածի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի «Հարավփարիզյան» հիվանդանոցի բժիշկ Մանվել Աղասարյանը։

«Խորհրդում ընդգրկված են սփյուռքի ու Հայաստանի առաջադեմ մասնագետները՝ կաթվածի գծով։ Առաջնային ծրագրերից մեկն է՝ կաթվածի ծառայությունները տարածել դեպի մարզեր, քանի որ 2015թից հիմնական կենտրոնները ստեղծվել էին Երևանում, 2022թին՝ Գյումրիում, հետագայում Գյումրին հեռահաղորդակցությամբ կապվեց Վանաձորի հետ, իսկ հիմա արդեն՝ Գորիսում»։

Առողջապահության նախարարության «Կաթվածի ազգային ծրագրով» Գորիսում ներդրված իշեմիկ կաթվածի բուժումն ու վիրահատությունը բոլորի համար իրականացվում է պետպատվերում։ Երկու ամսում այստեղ բուժված վեց հիվանդները այժմ լիարժեք կյանքով են ապրում, գրեթե առանց հաշմանդամության՝ ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համապարփակ կենտրոնի ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը․

«Գորիսում գործող կաթվածի կենտրոնը յուրօրինակ է և տարբերվում է Հայաստանում գործող մյուս կենտրոններից, քանի որ այստեղ ռոտացիոն սկզբունքով աշխատում են հանրապետության կաթվածի բոլոր կենտրոնների առաջատար մասնագետները»։

Ըստ վիճակագրության՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կաթվածը մահացության 2-֊րդ պատճառն է, նաև հաշմանդամության ու դեմենցիայի՝ձեռքբերովի թուլամտության հիմնական պատճառներից մեկը։ Կաթվածի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կաթվածով հիվանդների 63% -ը մինչև 70, իսկ 7-%֊–ը մինչև 44 տարեկան են։ 25 և բարձր տարիք ունեցող մարդկանցից յուրաքանչյուր 4-֊րդը կյանքի ընթացքում կաթված ստանում է։ Շատ դեպքերում կաթվածը հնարավոր է կանխարգելել` հսկելով ռիսկի գործոնները՝ ասում է բժիշկ Ժորա Բաղդասարյանը․

«Բոլոր այն դեպքերում, երբ հիվանդի մոտ առաջանում է դեմքի թեքվածություն, խոսքի խանգարում, ձեռքի կամ ոտի թուլություն կամ թմրածություն, պետք է դիմել շտապ օգնության ու մինչև 24 ժամվա սիմպտոմների դեպքում պետք է տեղափոխել կաթվածի կենտրոն, քանի որ այդ ախտանիշները կարող են խոսել կաթվածի մասին»։

Գորիսի կաթվածի կենտրոնը սպասարկում է նաև Վայոց ձորի մարզի բնակիչներին։ Նախատեսվում է հեռաբժշկության միջոցով թրոմբոլիտիկ բուժումը հասանելի դարձնել նաև Կապանում։

Leave a Comment