ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս պատրաստ չէ հրապարակավ հանդես գալ ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ 2028 թվականի նախագահական ընտրություններում նրա թեկնածության առաջադրման օգտին:
Թրամփն օգոստոսի 6-ին բացասական պատասխան էր տվել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահն արդեն իսկ հանգել է Վենսի թեկնածությանն աջակցելու մտքին: Մեկնաբանելով The Washington Post թերթի հրապարակումը, որտեղ նշվում էր, որ Թրամփը Հանրապետական կուսակցության հովանավորներին մասնավոր կարգով հայտնել է Վենսին նախագահի թեկնածու տեսնելու իր ցանկության մասին, Թրամփն ընդգծել է. «Ո՛չ: Ես վերջերս եմ լսել այդ մասին: Կարծում եմ, որ նա հիանալի է, բայց հիմա դեռ վաղ է նույնիսկ մտածել այդ մասին»։
Խոսելով այն ժամանակվա մասին, երբ նա կդադարի լինել ԱՄՆ նախագահ, Թրամփը նշել է. «Դա կարող է շատ ավելի շուտ լինել։ Ով գիտի։ Բայց դա կարող է և շուտ լինել։ <…> Ասում են՝ դեռ երկուսուկես տարի կա։ Կտեսնենք», – հավելել է նա։
Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նախագահի պաշտոնում Թրամփի երկրորդ ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն, որն ընդունվել է 1951 թվականին, նախագահը կարող է պաշտոնավարել միայն երկու ժամկետով։ Այնուամենայնիվ, Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կարող է դիտարկել երրորդ անգամ ընտրվելու հնարավորությունը։
Լուսանկարը՝ Jonathan Ernst/Reuters
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter