Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 8-ի գիշերը ռուսական 14 երկրամասերի երկնքում ոչնչացվել կամ խոցվել է 397 ուկրաինական անօդաչու։ ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ առավոտյան խոցվել է ևս 83-ը։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Իլսկի նավթավերամշակման գործարանում։ Նախնական տվյալներով՝ տուժել է 5 մարդ։
Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշևը հայտնել է, որ անօդաչու սարքերը հարձակվել են «արդյունաբերական ձեռնարկություններից մեկի» վրա։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։
Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովն էլ հայտնել է, որ Զադոնսկ քաղաքում անօդաչու սարքի ընկնելու հետևանքով էլ տուժել է երկու տղամարդ։ Նրա խոսքով՝ վնասվել է 4 մասնավոր տուն, ավտոմեքենա և էլեկտրահաղորդման գիծ։ Եվս մեկ անօդաչու սարք էլ ընկել է Լիպեցկում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը էլ հայտնել է, որ Մերձմոսկվայում խոցվել է 12 անօդաչու սարք։ Նրա խոսքով՝ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Կիևում գտնվող «ռազմարդյունաբերական ձեռնարկության և վառելիքաքսուքային նյութերի պահեստի» վրա։
Լուսանկարը՝ united24media.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter