Նորվեգիայում կինը բանտարկվել է որդուն տրված անվան պատճառով, հաղորդում է The Mirror-ը։
Հրատարակությունը հաղորդում է, որ բազմազավակ մայր Քիրստի Լարսենը երկու օրով ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ հրաժարվել է վճարել տուգանքը, որը նշանակվել էր որդու անվան ընտրության պատճառով։
The Mirror-ի փոխանցմամբ՝ մինչև իր 13-րդ երեխայի ծնվելը Լարսենը երազում ձայն է լսել, որը հորդորել է որդուն անվանել Bridge («կամուրջ»)։ Դրանից հետո նա որոշել է ընտրել նույն իմաստն ունեցող եբրայերեն Գեշեր անունը։
Սակայն Նորվեգիայի իշխանությունները չեն թույլատրել երեխային այդ անունը տալ՝ պատճառաբանելով, որ այն չափազանց օտար է և կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ապագայի վրա։ Կինը փորձել է դատարանում բողոքարկել որոշումը, սակայն ապարդյուն։
Դատարանի նշանակած տուգանքը Լարսենը հրաժարվել է վճարել՝ հայտարարելով, որ դրա վճարումը կնշանակեր ընդունել մեղքը։
«Եթե մենք վճարեինք այդ տուգանքը, կնշանակեր, որ ընդունում ենք մեր մեղքը»,- ասել է նա։
Տուգանքը չվճարելու պատճառով դատարանը այն փոխարինել է երկօրյա ազատազրկմամբ։