Կառավարությունն սկսեց աշխատանքը նոր կազմով ու առաջարկեց անվանափոխել երեք նախարարություն

Ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունն իր անելիքները կներկայացնի Կառավարության 2026-2031 թթ. գործունեության ծրագրի քննարկումների համատեքստում, գործադիրի այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ մեր աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնելու համար»,- ասել է նա։

Վարչապետը նաեւ շեշտել է, որ կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։

Գործադիրը նաեւ օրենսդիրին` Ազգային ժողովին, առաջարկել է փոփոխություններ կատարել նախարարությունների անվանումներում։

Ըստ այդմ` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն, արտաքին գործերի նախարարությունը՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

Leave a Comment