Ցամաքող Դանուբն ու էներգետիկ խնդիրները. ինչ հետևանքներ է թողնում աննախադեպ շոգը Եվրոպայում

Օգոստոսի 5-ին Ավստրիայում և Սլովակիայում գրանցվել է պատմության մեջ ամենաշոգ օրը։ Ավստրիական Բադ Դոյչ-Ալտենբուրգ քաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև +41,2 °C, իսկ սլովակյան Կամենիցա նադ Գրոնոմ բնակավայրում՝ մինչև +41,4 °C։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում օդի ջերմաստիճանը դեռևս երեքշաբթի հասել էր ռեկորդային +41 °C-ի։ Օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է «ծայրահեղ ջերմային սթրեսի» մասին, որն առավել մեծ վտանգ է ներկայացնում բնակչության խոցելի խմբերի համար, իսկ տևական երաշտի պատճառով մի շարք բնակավայրերում արդեն իսկ նկատվում է խմելու ջրի սուր դեֆիցիտ։

Դանուբ և մյուս գետերում ջրի մակարդակը նվազել է, ինչի պատճառով նավերի շարժը մասնակիորեն կանգ է առել։ Դանուբի մակարդակի վազման հետևանքով Սլովակիայում ջրի տակից ի հայտ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա հականավային ական:

Շոգը խնդիրներ է առաջացրել նաև հարևան երկրների էներգահամակարգում։ Հունգարիայի «Պակշ» ատոմակայանի աշխատանքը գրեթե ամբողջությամբ կանգնեցվել է, քանի որ Դանուբ գետում ջուրը չի հերիքում ռեակտորները սառեցնելու համար։ Սավա գետի սակավաջրության պատճառով Սլովենիայի «Կրշկո» ատոմակայանը կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ հասցնելով այն հզորության 80%-ին. չի բացառվում արտադրության ծավալների հետագա նվազեցումը:

Leave a Comment