Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է վերանայել «Տարվա լավագույնները» մրցույթի կարգը՝ արդիականացնելով անվանակարգերը, ընդլայնելով մասնակցության հնարավորությունները և հստակեցնելով հայտերի գնահատման ու հաղթողների ընտրության ընթացակարգերը։
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տարվա լավագույնները» մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի կատարելագործման, ժամանակակից կրթական քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանեցման, ինչպես նաև մրցույթի անցկացման ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությամբ։
Նախագծի նպատակն է կատարելագործել մրցույթի իրավական կարգավորումները՝ վերանայելով մրցույթի անվանակարգերը, ընդլայնելով մասնակցության հնարավորությունները, հստակեցնելով հայտերի ներկայացման, գնահատման և հաղթողների ընտրության ընթացակարգերը, ինչպես նաև ապահովելով մրցույթի կազմակերպման առավել թափանցիկ, արդյունավետ և կանխատեսելի մեխանիզմներ։
Միաժամանակ, նախագիծը նպատակ ունի խրախուսել կրթության ոլորտի մանկավարժական և ղեկավար աշխատողների նորարարական գործունեությունը, առաջավոր փորձի տարածումը, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման խթանումը, ինչպես նաև կրթության որակի շարունակական բարելավմանը նպաստող նախաձեռնությունների ներկայացումն ու գնահատումը։
Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց ներկայացվող պահանջները և մրցույթի անցկացման կարգը կարգավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանով հաստատված կարգով։ Կարգի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք պայմանավորում են դրա վերանայման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, գործող կարգով սահմանված առանձին անվանակարգերը և մրցույթի կազմակերպման ընթացակարգերը լիարժեք չեն արտացոլում կրթության համակարգում իրականացված բարեփոխումները, մանկավարժական և ղեկավար աշխատողների գործառույթներում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև կրթության ոլորտում ձևավորված նոր մասնագիտական դերակատարումները։ Միաժամանակ, գործող կարգի մի շարք դրույթներ պահանջում են հստակեցում՝ մրցույթի կազմակերպման, հայտերի ներկայացման և գնահատման ընթացակարգերի, մասնակցության պայմանների, ինչպես նաև ներկայացվող նյութերի վերաբերյալ միասնական և առավել հստակ կարգավորումներ ապահովելու նպատակով։ Անհրաժեշտություն է առաջացել նաև կատարելագործել մրցույթի բովանդակային ուղղվածությունը՝ խրախուսելով նորարարական նախաձեռնությունները, ուսումնական նախագծերի մշակումը և կրթության ոլորտում լավագույն փորձի բացահայտումն ու տարածումը՝ ապահովելով մրցույթի առավել արդյունավետ և թափանցիկ իրականացումը։
Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել «Տարվա լավագույնները» մրցույթի կազմակերպման և անցկացման իրավական կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը և գործող իրավական ակտերին։ Նախատեսվող փոփոխությունների շնորհիվ կապահովվեն մրցույթի կազմակերպման առավել հստակ, թափանցիկ և միասնական ընթացակարգեր, կարդիականացվեն մրցույթի անվանակարգերը, կընդլայնվեն կրթության ոլորտի տարբեր մասնագիտական խմբերի մասնակցության հնարավորությունները և կբարձրանա մրցույթի արդյունավետությունը։ Միաժամանակ, նախագիծը կնպաստի մանկավարժական և ղեկավար աշխատողների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ իրականացնող մասնագետների մասնագիտական գործունեության խրախուսմանը, նորարարական փորձի ներդրմանն ու տարածմանը, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման ակտիվացմանը, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանն ուղղված արդյունավետ նախաձեռնությունների խթանմանը։ Արդյունքում ակնկալվում է ձևավորել մրցույթի առավել արդիական և գործնական կիրառման համար արդյունավետ կարգավորում, որը կնպաստի կրթության ոլորտում լավագույն փորձի բացահայտմանը, մասնագիտական ձեռքբերումների արժևորմանը և հանրայնացմանը։
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: