Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կասկածում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Եվրոպեյսկայա Պրավդա» թերթը հայտնում է, որ այդ մասին Զալուժնին խոսել է Կիեւում դեսպանների խորհրդակցության շրջանակում անցկացված եվրատլանտյան ինտեգրմանը նվիրված քննարկման ժամանակ։
«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները, եւ ամեն տարի լսել եմ նույն հեքիաթները, թե ահա-ահա մենք անդամակցելու ենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք երբեք չենք անդամակցի դրան»,- հայտարարել է Զալուժնին։
Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներն այլեւս չեն համապատասխանում ժամանակակից իրողություններին։
«Անհնար է այնպիսի զարգացման մակարդակ ունեցող զինված ուժերով, ինչպիսին այսօր ունի Ուկրաինան, միանալ մի կազմակերպության, որը ղեկավարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով։… Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կմնա այն տեսքով, ինչպիսին հիմա է։ Եւ Ուկրաինայի նման եւս մոտ 12 տարի պետք կլինի անցնելու ճանապարհ` հասնելու համար այն չափանիշներին, որ գոնե հավասարվի Ռուսաստանի Դաշնության մակարդակի կեսին»,- ասել է նա։
Զալուժնին ընդունել է, որ «Ուկրաինային անհրաժեշտ են այն տեխնոլոգիաները, որոնք այսօր դեռ առկա են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»։ Սակայն նրա համոզմամբ՝ Ուկրաինան կմիանա այն դաշինքներին եւ միավորումներին, որոնք դեռ նոր են ձեւավորվելու։
«Ամենայն հավանականությամբ, խոսքը եվրոպական ռազմաքաղաքական անվտանգության դաշինքի մասին է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը։