ԱՄՆ-ն օգոստոսի 3-ից 50 երկրների քաղաքացիների համար նոր պահանջ է սահմանում․ գործնական և զբոսաշրջային (B-1/B-2) վիզա ստանալու դեպքում կարող է պահանջվել մինչև 20 հզր դոլարի գրավ։ Նոր կարգավորումը կվերաբերի մասնավորապես Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների քաղաքացիներին։ Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ ցանկ ընդգրկվել են այն երկրները, որոնց քաղաքացիներն առավել հաճախ են խախտել ԱՄՆ վիզային ռեժիմը։ Գերատեսչության գնահատմամբ՝ այս միջոցը կօգնի նվազեցնելու վիզաների չարաշահման և երկրում թույլատրելի ժամկետից ավելի երկար մնալու դեպքերը։
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկամյա ուսումնասիրությամբ պարզել է, որ մի շարք երկրների քաղաքացիներ առավել հաճախ են խախտում վիզային ռեժիմը։ Հենց այդ երկրների համար էլ օգոստոսի 3-ից նոր կանոններ կգործեն։ Խոսքը 50 երկրների մասին է, որոնց քաղաքացիները գործնական և զբոսաշրջային վիզա ստանալու համար մինչև 20 հզր դոլարի չափով գրավ պետք է վճարեն։
AP-ն հաղորդում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ապագայում նախատեսում է ընդլայնել այս երկրների ցանկը: Առայժմ գրավի պահանջը վերաբերում է հինգ տասնյակ երկրների, որոնց գերակշիռ մասը՝ երեք տասնյակը, աֆրիկյան պետություններ են։ Մյուս մասը Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներն են, նաև Վրաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը։ Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները նկատել են, որ Ռուսաստանն այս ցուցակում չկա:
ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ յուրաքանչյուր դիմումի դեպքում գրավի չափը կորոշի հյուպատոսական աշխատակիցը՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից։
Գրավը կվերադարձվի, եթե վիզայի տերը լքի ԱՄՆ-ն սահմանված ժամկետում, չօգտագործի վիզան, կամ մերժվի նրա մուտքը երկիր։ Եթե խախտվեն երկրում գտնվելու պայմանները, գումարը չի վերադարձվի։
Արդեն ուժի մեջ մտած ծրագիրը մեկ տարի գործում էր որպես փորձնական․ դրա շրջանակում գրավի չափը 5-15 հզր դոլար էր։ Նոր կանոններով նվազագույն շեմը վերացվել է, իսկ առավելագույնը հասցվել 20 հզր դոլարի։
Պետքարտուղարությունը փորձնական ծրագիրը հաջողված է համարում և կարծում է, որ այս միջոցը կօգնի նվազեցնելու վիզաների չարաշահման ու երկրում թույլատրելի ժամկետից ավելի երկար մնալու դեպքերը։
Associated Press գործակալության տվյալներով՝ 2024 –ին վիզայի թույլատրելի ժամկետը խախտել է 45 հազարից ավելի քաղաքացի։
Ի դեպ, գրավի ծրագրի մեկնարկին զուգահեռ, ԱՄՆ-ն ներմուծել է լրացուցիչ մեկ այլ վճար՝ «վիզայի ամբողջականության գումարը», որը 250 դոլար է։ Այս փոփոխությունները, ըստ մասնագետների, ԱՄՆ վիզան դարձնում են աշխարհում ամենաթանկերից մեկը:
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Դ’Էսպոզիտոն ավելի վաղ հիշեցրել էր նաև, որ օտարերկրացիների շրջանում գրանցվող աշխատանքային խարդախությունների դեմ «ագրեսիվ գործողություններ» են ձեռնարկվում։
«Անկասկած, մենք ձեռնարկելու ենք գործողություններ, որոնք, մեր կարծիքով, ամենաագրեսիվն են աշխատանքային խարդախությունների դեմ։ Մենք արդեն տասնյակ դատական հայցեր ենք ներկայացնել և կգտնենք յուրաքանչյուր հետք: Մենք ունենք մատնիչներ, որոնք մեզ օգնում են»:
Մեկ այլ սահմանափակում գործում է այս տարեսկզբից։ Պետդեպարտամենտը հունվարից դադարեցրել է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։
Հիմնավորումն այն էր, որ այդ երկրներից ժամանած միգրանտները անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ են ստանում։
Պետդեպարտամենտը շեշտել էր, որ սառեցման որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի համոզվել, որ նոր միգրանտները «չեն ապրի ամերիկյան ժողովրդի հաշվին»։