Վաղ առավոտյան իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունը, մինչդեռ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հիմքում ընկած փաստերը շարունակում են հանրայնացված չլինել։
Իշխանությունը պնդում է՝ խոսքը ոչ թե քաղաքական հետապնդման, այլ հանցագործության մասին է, ընդդիմությունը հակադարձում է՝ սա քաղաքական ճնշում է իրենց քաղաքական ուժի նկատմամբ։
Վաղ առավոտյան իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատուն և մի քանի ժամ խուզարկել այն։ Կարապետյանի խոսքով՝ որևէ իր չեն առգրավել։
«Այսօր «հոբելյանական»՝ արդեն չեմ հիշում՝ որերորդ խուզարկությունն էր մեր տանը։ Նախաքննական գործընթացով պայմանավորված՝ կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել՝ որևէ բան չեն տարել»։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քննչական գործողություններն «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում են։ Առավոտյան հայտնի է դարձել նաև, որ դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալեքսան Ալեքսանյանի կալանքի ժամկետը։
Ալեքսանյանը կալանավորված է։ Ըստ մեղադրանքի՝ նա «Տաշիր»-ին առնչվող ընկերություններից փոխանցված շուրջ 1,6 միլիարդ դրամի ենթադրյալ հանցավոր ծագմամբ միջոցները լվացել է և այդ գումարներով ապահովել մարդկանց մասնակցությունը «Ուժեղ Հայաստան» և «Մեր ձևով» նախաձեռնությունների կազմակերպած հավաքներին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ շուրջ 1400 քաղաքացի ձևական աշխատանքի է ընդունվել Ալեքսանյանի ղեկավարած կազմակերպությունում և վարձատրվել հավաքներին մասնակցելու համար։ Այս գործով, ըստ ՔԿ-ի, հարցաքննվել է շուրջ 500 անձ։ Թե ինչ առնչություն ունի այս գործին Նարեկ Կարապետյանը, իրավապահները չեն մանրամասնում։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է՝ ոչ հավաքներին հարկադրելու, ոչ էլ փողերի լվացման մասով որևէ փաստական հիմք չկա։
«Ի՞նչ է քրեական գործը։ Դա ինչ-որ իրադարձության վերաբերյալ նկարագրական ու հիմնավորվածություն ենթադրող համակցություն է, որոնցից ոչ մեկն այս դեպքում չկա։ Ո՞նց կարող է լինել մեկ միասնական մեղադրանք, որը վերաբերում է հավաքներին մասնակցության շահագրգռմանն ու միաժամանակ փողերի լվացմանը։ Սա արդեն զավեշտ է, ինքնին աբսուրդ է։ Էլ չասեմ, թե Նարեկ Կարապետյանին ինչ-որ կերպ դրա հետ առնչակցելու հնարավորություն ողջամիտ իրականության մեջ չկա»։
Նույն հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել նաև Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրանքները չի ընդունում և պնդում է, որ քրեական հետապնդումն իր քաղաքական գործունեության հետևանքն է։
«Ու սա է ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել՝ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներից։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որովհետև ինքը սխալ ճանապարհով է տանում»։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ դատարանն ընտրել է խափանման միջոց՝ 1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք։ Այդ ժամանակ և՛ Գլխավոր դատախազությունը, և՛ Քննչական կոմիտեն հրաժարվում էին հրապարակել քրեական վարույթի մանրամասները՝ պատճառաբանելով, որ դա չի բխում նախաքննության շահերից։
Թե ում նկատմամբ է, ըստ մեղադրանքի, ճնշում գործադրվել, և ինչ փաստերով է հիմնավորվում փողերի լվացման դրվագը, առայժմ հայտնի չէ։ Նարեկ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը շարունակում է պնդել, որ հարյուրավոր էջերից բաղկացած վարույթի նյութերում Կարապետյանին վերագրվող որևէ փաստական տվյալ չկա։
«Հաստատապես եմ պնդում՝ ոչ մի նման երևույթ չկա այն մեղադրանքի համատեքստում, որը ներկայացվել է։ Մի բան կարող եմ ասել՝ եթե վիճակագրությամբ նայեք, Հայաստանում փողերի լվացումն արդեն, կարծես, ամենատարածված հանցակազմն է դարձել, և դա արդեն մտահոգիչ է»։
Ընդդիմադիրներին բանտեր ուղարկելու վերաբերյալ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին արձագանքել է նաև նորընտիր պատգամավոր, ՔՊ-ական Տարոն Չախոյանը՝ կրկնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։
«Նարեկ ջան, քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման, մարդկանց ձեր հավաքներին մասնակցել պարտադրելու համար»։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։
Օգոստոսի 2-ին աշխատանքը կսկսի նոր ձևավորված Ազգային ժողովը։ Արդյոք գլխավոր դատախազը խորհրդարան կներկայացնի ընդդիմադիր ուժի առանցքային՝ ցուցակի առաջին համարը զբաղեցրած պատգամավորին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն, առայժմ հայտնի չէ։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործին, ապա դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Իսկ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դիմելու է Փաստաբանների պալատ՝ իր փաստաբանական գործունեության իրավունքի գործողությունը կասեցնելու համար։ «Վաղվա դատական նիստն, ըստ էության, ինձ համար վերջինը կլինի որպես պաշտպան»,- ասել է նա։
Վարդևանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։