Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումները) հայտնել է Քուվեյթում գտնվող «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայում տեղակայված կործանիչների անգարների, արբանյակային կապի համակարգերի և սարքավորումների պահեստների վրա հարձակման մասին։
«Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» բազայում գտնվող կործանիչների աէրոդրոմին, արբանյակային կապի համակարգերին և սարքավորումների պահեստներին»,- ասված է IRNA գործակալության հրապարակած ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Քուվեյթի ավիաբազան կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի կողմից իրականացվող օդային հետախուզության ու աջակցության գործողություններում և հանդիսանում է ամերիկյան բանակի օդային աջակցության ապահովման հիմնական կենտրոններից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերն Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից ի վեր հարձակումների մի քանի փուլ են իրականացրել Իրանի դեմ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ դա արվել է՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան բազաներին հասցված հարվածներով, փակել է Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։
