Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Iravaban.net ֊ը տեղեկանում է ՆԳՆ֊ից։
Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Լոռու մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին իրականացրած աշխատանքի համար։ Հատկապես սպանության նախապատրաստությունների բացահայտման և հանցավոր խմբերի վնասազերծման ուղղությամբ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատանքը նախարարը գնահատել է օրինակելի, ինչի շնորհիվ նաև նվազել են առանձնապես ծանր և ծանր որոշ հանցագործություններ։
Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և կանխարգելման միջոցառումները։
Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ միջոցառումները։ Առանձին ուշադրություն է դարձվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ նախարարը կարևորել է պարեկների դերը ոչ միայն ճանապարհային երթևեկության կարգավորման, այլև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում՝ ընդգծելով արագ արձագանքման գործիքակազմի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։