«Նոթեյշնս» փառատոնը կմիավորի 111 արվեստագետի 27 երկրից․ Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն

Օգոստոսի 1-2-ը Երևանը կհյուրընկալի «Նոթեյշնս» (Notations) միջազգային երաժշտական փառատոնը, որը երկու օրով քաղաքը կվերածի ժամանակակից երաժշտության, ձայնային արվեստի և միջդիսցիպլինար ստեղծարարության միջազգային հարթակի։ Փառատոնին կմասնակցեն 111 արվեստագետ, երաժիշտ, կատարող և հետազոտող աշխարհի 27 երկրից՝ ներկայացնելով նորարարական նախագծեր, համերգներ, պերֆորմանսներ, որոնց զգալի մասը կցուցադրվի առաջին անգամ։

Փառատոնի ցերեկային ծրագիրը կանցկացվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ երեկոյան և գիշերային միջոցառումները՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում:

Այս տարվա միջազգային ծրագրի առանցքային հյուրերից է գերմանական հայտնի էլեկտրոնային Brandt Brauer Frick տրիոն, որի ելույթը Հայաստանում բացառիկ հնարավորություն է ժամանակակից էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար։

Փառատոնին կներկայանան նաև Hogh Arthun, MOCT, ПЭУ, DIGSTORE, Rambalkoshe, Cyberfolk, հայկական ինդի բեմի showcase-ը և բազմաթիվ այլ երաժիշտներ ու ստեղծագործական համայնքներ՝ ձևավորելով բազմաժանր և բազմամշակութային ծրագիր։

«Նոթեյշնս»-ը պարզապես երաժշտական փառատոն չէ, այլ միջազգային հանդիպման վայր, որտեղ հատվում են տարբեր մշակույթներ, երաժշտական լեզուներ և ստեղծագործական մոտեցումներ։ …Մեզ համար կարևոր էր ստեղծել ոչ թե հերթական համերգային ծրագիր, այլ մի միջավայր, որտեղ միջազգային և հայկական արվեստագետները կարող են հանդիպել, ստեղծագործել և ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնք հնարավոր չէ տեսնել որևէ այլ բեմում»,- նշում են փառատոնի կազմակերպիչ hosq հիմնադրամից։

Ներկայացվող ծրագրի զգալի մասը ստեղծվել է հենց «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիայի ընթացքում։ Այս տարի լաբորատորիային  մասնակցելու համար դիմել էր մոտ 250 արվեստագետ և հետազոտող աշխարհի 38 երկրներից։ Ընտրվել էր 111 մասնակից։

Leave a Comment