
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է, որ իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները դեմ են ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի առևտրային իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության արտակարգ նիստում, որը կայացել է հուլիսի 30-ին։
ՈՒԵՖԱ-ի հայտարարության համաձայն՝ եթե ՖԻՖԱ-ն չհրաժարվի այս նախաձեռնությունից և չտրամադրի պարտավորեցնող երաշխիքներ, որ ապագայում իր կառավարման կամ մրցաշարերի նկատմամբ մասնավոր սեփականություն չի սահմանվի, եվրոպական ազգային հավաքականները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին։
«Աշխարհի առաջնությունը չի կարող դիտարկվել որպես ներդրումային ապրանք», -նշվում է հայտարարության մեջ։
ՈՒԵՖԱ-ն նաև քննադատել է ՖԻՖԱ-ին՝ պնդելով, որ առաջարկը մշակվել է գաղտնի, առանց անդամ ասոցիացիաների հետ խորհրդակցելու, և ներկայացվել է փաստացի որպես վերջնագիր՝ պահանջելով կամ ընդունել այն, կամ բախվել հնարավոր հետևանքների։
Եվրոպական ֆուտբոլային կառույցը հայտարարել է, որ այս ձևաչափով առաջարկն անընդունելի է և պահանջել է այն ամբողջությամբ հետ կանչել։