Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան օգտվելու սոցիալական ծախսերի փոխհատուցումից։
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան ընթացակարգեր, որոնց միջոցով նրանք կկարողանան իրենց հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի հաշվին ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի նպատակը ՀՀ քաղաքացի համարվող՝ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող անձանց համար սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու հնարավորության ապահովումն է:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
2023 թվականի հունվարի 1-ից երեք փուլերով ներդրվել է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների, բացառությամբ անչափահասների, եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:
2023 թվականի և 2024 թվականի հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնողներ չեն համարվել այն անձինք, որոնց վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտների մասով:
2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար եկատային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց):
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Կառավարության սահմանած կարգով:
ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի թիվ 223-Ն որոշմամբ սահմանված է, որ հարկային գործակալները (գործատուները) գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Մյուս կողմից, եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում նշյալ անձանց եկամուտների և դրանցից պահված եկամտային հարկի գումարներն արտացոլում են հաշվարկի համապատասխան տողում՝ հանրագումարային տեսքով:
Խնդիրն այն է, որ այն անձինք, որոնց վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, գործող օրենսդրությամբ իրենց հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու հնարավորություն չունեն:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն ունեցող անձանց համար սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու հնարավորության ապահովման համար սահմանել երկու տարբերակ.
- գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու և հարկային մարմնի կողմից սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարելու տարբերակ,
- աշխատակիցների կողմից պետական մարմնին համապատասխան դիմում-հայտարարություն ներկայացնելու և պետական մարմնի կողմից սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարելու տարբերակ։
Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքի սահմանման հետ կապված հարաբերություններն են:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Իրավականակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների մասով սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար ստեղծել համապատասխան ընթացակարգեր։
Միաժամանակ, նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցման և ծախսերի ավելացման:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր). Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը: